Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդու՝ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործն ապրիլի 14-ին մուտքագրվել է դատարան։ Այս մասին 24News-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Վլադիմիր Գասպարյանը, 2022 թվականի մայիսի 2-ից հաշվառված լինելով ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի N զինվորական կոմիսարիատում և ենթակա լինելով զորակոչման 2025 թվականի ձմեռային զորակոչին, 2026 թվականի հունվարի 23-ին ներկայացել է զինվորական կոմիսարիատ և հայտնել, որ հրաժարվում է ներգրավվել զորակոչային միջոցառումներին՝ այդ կերպ խուսափելով հայտարարված պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչից՝ այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում:
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելը՝ այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում։ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։
Գործը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գարիկ Աբելյանին։
Հասմիկ Սարգսյան
