Որոշ հոգևորականներ պայմանագրով նշանակվել են ՔԿՀ-ներում ծառայության՝ առանց Կաթողիկոսի հաստատման
Մենք տեղեկություններ ունենք, որ որոշ հոգևորականներ պայմանագրային հիմունքներվ նշանակվել են քրեակատարողական հիմնարկներում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը։
«Քանի որ հիմա ինը քրեակատարողական հիմնարկներ կան, վստահ եմ, որ ծառայողի խնդիր կլինի և այդ նշանակված հոգևորականներից որոշները մի քանի հաստատություն կհաճախեն»,-ասաց Հայր Սուրբը։
Նրա խոսքով, այդ հոգևորականները կարգալույծ եղած չեն, բայց նաև ասաց, որ կան խոսակցություններ, որ կագալույծ եղած հոգևորականների հետ ևս պայմանագրեր կկնքվեն, որպեսզի նրանք էլ բանտերում հոգեխնամություն ապահովեն։
«Պայմանագրային հիմունքները բոլորովին ուրիշ ընթացակարգեր են ենթադրում։ Բանտային ծառայությունը համակարգված ծառայություն է, նշանակումները լինում են Վեհափառ Հայրապետի կողմից։ Առաջնորդը նշանակվում է Կաթողիկոսի կողմից, հովիվների նշանակման հաստատումն անում է Կաթողիկոսը։ Այս ծառայությունը համակարգված է, չի իրականացվում պայմանագրային սկզբունքով։ Դա նաև եկեղեցաբանական հարց է։ Պայմանագրային հիմունքներով նշանակումներ արել է Քրեակատարողական ծառայության պետը, ի պաշտոնե ինքն է համակարգում այդ դաշտը, ինքն է անցագրեր տալիս։ Վեհափառ Հայրապետը նոր նշանակումներ չէր կարող անել, որովհետև մեզ նամակով իրազեկել էին, որ մեր ծառայությունը դադարեցվում է միակողմանի։ Համակարգված ծառայությունը դադարեցվում է, ի փոխարեն որի, պայմանագրային հիմունքներով ծառայության են վերցնում հոգևորականների»,-ասաց նա։
Հոգևորականն ընդգծեց նաև, որ դա բոլոր հարթությունների վրա հակասում է այն նպատակադրումներին, որոնցից ելնելով՝ բանտերում սահմանվել են հոգևոր ծառայություններ։
Ավելի վաղ 24News-ը հայտնել էր, որ ամենավաստակաշատ հոգևորականներից մեկի՝ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի վերաբերյալ շրջաբերական կար՝ ՔԿԾ պետի կողմից շրջանառության մեջ դրված, որով արգելվել էր նրա մուտքը քրեակատարողական հիմնարկներ։
Նշենք, որ սա պետական ապարատներում հոգևոր ծառայությունների հետ կապված միակ խնդրահարույց դեպքը չէ։ Պաշտպնության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով այս տարվա փետրվարի 1-ից դադարեցվել է ՀՀ ԶՈՒ Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախախարության համակարգում։
24News-ը նաև հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 27-ին որոշում էր ստորագրել, որով Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի կազմ էր ընդգրկվել Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյան)։
Հասմիկ Սարգսյան
