«ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
«ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին
Եվրամիությունը որոշել է Հայաստան գործուղել նոր քաղաքացիական առաքելություն՝ այն ներկայացնելով որպես աջակցություն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում և պետական ինստիտուտների դիմակայունության բարձրացման միջոց։
Առաքելության հիմնավորման մեջ առանձնահատուկ տեղ է հատկացված առաջիկա ընտրական ցիկլին՝ խորհրդարանական, ՏԻՄ ընտրություններին և նույնիսկ հնարավոր սահմանադրական հանրաքվեին։
Բայց առավել խոսուն է այն, որ առաքելության նպատակներից բաց տեքստով նշվում է «նվազեցնել ու չեզոքացնել Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները»։ Սա հստակ աշխարհաքաղաքական դիրքավորում է։ Երբ արտաքին դերակատարը նախապես սահմանում է սպառնալիքի աղբյուրը, նա փաստացի իր ռազմավարական հակադրությունը տեղափոխում է տվյալ երկրի տարածք։
Այս պայմաններում Հայաստանը վերածվում է աշխարհաքաղաքական մրցակցության հարթակի։ Եվ այստեղ առաջանում է ֆունդամենտալ հարց՝ արդյո՞ք այս առաքելության նպատակը Հայաստանի դիմակայունության բարձրացումն է, թե՞ նրա աշխարհաքաղաքական ուղղության վերահսկումը։
Չի կարելի անտեսել նաև այս առաքելության ներքաղաքական հետևանքները։ Գործող իշխանությունը վերջին տարիներին հետևողականորեն խորացնում է Արևմուտքի հետ համագործակցությունը՝ այդ թվում՝ անվտանգային ոլորտում։ Նման առաքելության տեղակայումը օբյեկտիվորեն ուժեղացնում է այդ կուրսը՝ ձևավորելով արտաքին հենարան և լրացուցիչ լեգիտիմության աղբյուր։
Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Այդպիսի պայմաններում ընտրական գործընթացը կորցնում է իր ինքնուրույն արժեքը և վերածվում արտաքին ազդեցությունների բախման հարթակի։
ԵՄ առաքելությունը, անկախ հռչակված նպատակներից, անխուսափելիորեն արտաքին քաղաքական հակադրությունը ներմուծում է Հայաստանի ներքին կյանք՝ խորացնելով բևեռացումը և մեծացնելով կախվածությունը արտաքին դերակատարներից։
Խնդիրը ոչ թե ԵՄ-ն է կամ Ռուսաստանը, այլ Հայաստանի սուբյեկտությունը։ Երբ երկրի անվտանգությունն ու ընտրական գործընթացները դառնում են արտաքին ուժերի մրցակցության գործիք, վտանգվում է ոչ միայն քաղաքական հավասարակշռությունը, այլև պետական ինքնիշխանության բովանդակությունը։
Հետևաբար, ո՞ւմ է իրականում «օգնում» այս առաքելությունը, և ի՞նչ գին է դրա դիմաց վճարելու Հայաստանը»։
