Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է
Կիեւում երեկոյան տեղի է ունեցել հրաձգություն։ Տղամարդուն, որը սպանել եւ վիրավորել էր մի քանի մարդու եւ բարիկադավորվել էր «Վելմարթ» սուպերմարկետում, վնասազերծել են, տեղեկացրել է «РБК-Украина»-ն։
Զինված տղամարդը քաոսային կրակ է բացել անցորդների վրա, իսկ մինչ այդ հրկիզել էր իր սեփական բնակարանը։
Ըստ լրատվամիջոցի՝ հատուկ նշանակության ուժերը սպանել են կրակողին սուպերմարկետի վրա հարձակման ժամանակ, որտեղ նա բարիկադավորվել էր եւ 40 րոպե տեւած բանակցություններից հետո սպանել պատանդներից մեկին։
Ողբերգության հետեւանքով զոհվել է վեց մարդ, եւս 14-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ չորս ամսական երեխա, որը թունավորվել է ածխաթթու գազով։
Նախնական տվյալներով՝ կրակողը ծնունդով մոսկվացի 58-ամյա Դմիտրի Վասիլչենկովն է։
Չարագործը կրակել է օրինական գրանցված հրացանով, որեւէ պահանջ չի ներկայացրել եւ լիովին անտեսել է բանակցողների հորդորները։
