«Փաշինյանի այսօրվա խոսքում հուսադրող մի բան կար». Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այսօր խոսել է բանակում մահվան դեպքերի մասին` դրանք բոլորովին չկապելով բանակի և բանակի ներսում տիրող մթնոլորտի հետ։ «Ես համոզմունք ունեմ, որ դա կապված է մեր կրթական համակարգի հետ՝ սկսած մանկապարտեզից», ասել է Փաշինյանը։ Ինքնասպանության դեպքերը Փաշինյանը կապել է «մեր երեխաների հոգեբանական դիմակայունության խնդիրների հետ», էլի ոչ մի կապ բանակում առկա խնդիրների հետ։
Մի քանի տարի առաջ ՊՆ փոխնախարար ունեին Գաբրիել Բալայան անունով, որը բանակում կատարվող ինքնասպանությունների մասին ասում էր` տանը զենք չունեն ինքնասպան լինեն, գալիս են էստեղ են ինքնասպանություն գործում։ Փաշինյանի ասածը նույն տրամաբանության մեջ է։ Բայց այսօրվա նրա խոսքում հուսադրող մի բան կար, ասում է «հանձնարարական եմ տվել՝ դուրս բերել ապացուցված ինքնասպանությունների դեպքերը…», տեսնենք ապացուցված քանի ինքնասպանության դեպք կբերեն։ Ապացուցված բառն այստեղ գերակայող է։ Ծնողների մեծ մասի բողոքը հենց չապացուցված ինքնասպանությունների մասին է։ Կարծում եմ Փաշինյանը լավ տեղյակ է այս մասին»:
