Հույս ունենք` եկեղեցու հետ առճակատումը կավարտվի. Պոլսո հայոց պատրիարքը` Ալեն Սիմոնյանին
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հանդիպել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է Պոլսո հայոց պատրիարքարանը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում Սահակ սրբազանն անդրադարձել է Հայ առաքելական եղեկեցու և ՀՀ իշխանությունների միջև վերջին մեկ տարվա ընթացքում առաջացած առճակատումներին։
Պոլսո հայոց պատրիարքը հույս է հայտնել, որ Հայ առաքելական եղեկեցու և ՀՀ իշխանությունների միջև ապարդյուն լարվածությունը շուտով կավարտվի, և կվերականգնվեն հաշտությունն ու համերաշխությունը:
Սահակ սրբազանը նաև ընդգծել է Թուրքիայի և Հայաստանի միջև առողջ հարաբերությունների զարգացման կարևորությունը։ Նրա խոսքով` ապագայում դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումը կնպաստեն տարածաշրջանի ժողովուրդների խաղաղ համակեցությանն ու ընդհանուր զարգացմանը:
Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանը Թուրքիա է մեկնել` մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։
