Ուզում են կանգնեցնել մեր ժողովրդի՝ Ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, չեն հաջողելու, շուտով կտեսնեք
Հակակոռուպցիոն դատարանում այսօր` ապրիլի 16-ին, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկումը։ Պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրեց խափանման միջոց տնային կալանքը վերացնելու վերաբերյալ միջնորդություն:
Նա հիշեցրեց, թե ինչ պայմաններում և երբ է նախաձեռնվել վարույթը: Վարդևանյանը նկատեց, որ մեղադրանքի, առհասարակ վարույթի էությունը հարցեր են առաջացնում:
Պաշտպանը նաև հիշեցրեց՝ Կարապետյանը 10 ամիս կալանավորված է եղել, որից 5-ը՝ բացառապես «կոչի» մեղադրանքի համար։ Ինչ վերաբերում է մեղադրանքի մյուս դրվագներին, ապա տնտեսական հանցագործության վերաբերյալ դրվագներից մեկով հիմնավոր կասկածը բացակայում է, ընդ որում, հենց Դոլմազյանն է նախաքննության ընթացքում միայն հայտարարության դրվագով երկարացրել կալանքի ժամկետը։
Վարդևանյանն ընդգծեց, որ խափանման միջոցի ոչ պայման կա, ոչ էլ հիմք։ Նրա խոսքով, ակնհայտ քաղաքական, ապօրինի, իրավունքը նսեմացնող վարույթով ինչո՞ւ պետք է խոչընդոտի, միջամտի վարույթի ընթացքին, ու՞մ ասածին կամ արձանագրությա՞նը։ Բացի այդ, Կարապետյանի նկատմամբ կիրառված է Հայաստանի պատմության մեջ ամենամեծ չափի գրավը՝ 4 մլրդ դրամ, պետք է պայմա՞ն խախտի, ընդ որում, անգամ մեկ դրամն էլ բավարար էր՝ պատշաճ վարքագծի համար։
Պաշտպանը նաև կարևորեց Կարապետյանի՝ քաղաքական գործունեությանը մասնակցելու հարցը։
Վարդևանյանը նաև հիշեցրեց՝ համատարած ՕՀՄ-ների հետ կապված, արդյո՞ք Կարապետյանը հնարավորություն կտա, որ բամբ ձայնով ձայնագրություններ հրապարակվեն համացանցում։ Տնային կալանքի երկարաձգման դատախազի պահանջը մեխանիկական երկարացում է, ինչը ՄԻԵԴ չափորոշիչներով իրավունքի խախտում է։
Պաշտպանը նշեց նաև, որ հասկանում է, թե ինչ բեռ է դատարանի ուսերին, նշում է՝ չէր ցանկանա, որ դատական իշխանությունն իր ուսերին այդ բեռը զգա։
Նա միջնորդեց վերացնել խափանման միջոց տնային կալանքը, անգամ ահռելի գրավի կիրառման պայմաններում, թեև նկատում է, որ իրավաբանորեն չի հասկանում, բայց դեմ չեն, որ գրավի չափը ավելի մեծացվի 400 մլն դրամով՝ տնային կալանքի վերացմամբ։ Կարապետյանն առ այս պահն իր հոր գերեզմանին չի կարողացել այցելել։ Պաշտպաններից Լիաննա Գասպարյանն էլ ավելացրեց, որ Կարապետյանը պետք է կարողանա մասնակցել ընտրություններին հավասարազոր պայմաններում։
Նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև Սամվել Կարապետյանը: Նա մասնավորապես ասաց. «Ես վստահ եմ, որ իրավական բոլոր գործողություններն ուղղված են իմ և իմ թիմի անդամների դեմ։ Նրանք ուզում են փորձել կանգնեցնել մեր ժողովրդի՝ ուժեղ Հայաստան ունենալու երազանքը։ Ես վստահեցնում եմ՝ դա նրանց չի հաջողվելու, փոփոխություններ լինելու են։ Շատ շուտով կտեսնեք, շուտով ուժեղ Հայաստանը լինելու է»:
Հիշեցնենք, որ գործով առաջին դատական նիստի ժամանակ հանրային մեղադրող Արգամ Դալլաքյանը միջնորդել էր՝ Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձագվի ևս երեք ամսով:
Հասմիկ Սարգսյան
