Մենք պետք է խնդիրները լուծենք տարածաշրջանի մեր գործընկերների հետ միասին․ Ադրբեջանի նախագահի օգնական
Ադրբեջանը տարածաշրջանային պատասխանատվության հայեցակարգի կողմնակից է, որը նախատեսում է տարածաշրջանային երկրների կողմից տարածաշրջանի ներսում առկա խնդիրների լուծում։ Անթալիայում ԱՊԱ-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Անթալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակներում կազմակերպված նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Հաջիևը նշել է, որ գլոբալ անկայունության և համաշխարհային կարգի խաթարման համատեքստում միջազգային հարթակները կարևոր նշանակություն ունեն. «Նման հանդիպումները կարևոր են գլոբալ մարտահրավերների և խնդիրների համատեղ քննարկման համար: Մենք կարծում ենք, որ պետք է ինքներս լուծենք խնդիրները՝ տարածաշրջանի մեր գործընկերների հետ միասին, և խուսափենք արտաքինից պարտադրված մոտեցումներից»։
Ալիևի օգնականը նաև նշել է, որ տարածաշրջանային պատասխանատվությունը ենթադրում է համատեղ պատասխանատվություն և առաջնորդություն։
