Հորդորում եմ Նիկոլին և իր անօրեն կամակատարներին ձեռնպահ մնալ Եկեղեցու ներքին գործերին միջամտելուց․ Տեր Վրթանես
ՔՊ-ի նախընտրական ծրագրում տեղ գտած հակաեկեղեցական դրույթները ոչ միայն անհարգալից են հավատացյալ ժողովրդի նկատմամբ, այլև ուղիղ հակասության մեջ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմնարար դրույթների հետ։ Այս մասին հայտարարել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
«Անհրաժեշտ է համարել մեղմ, բայց պատասխանատու և հստակ ձևով արձանագրել այն, ինչն այլևս չի կարելի լռությամբ շրջանցել։ ՔՊ-ի նախընտրական ծրագրում տեղ գտած հակաեկեղեցական դրույթները ոչ միայն անհարգալից են հավատացյալ ժողովրդի նկատմամբ, այլև ուղիղ հակասության մեջ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմնարար դրույթների հետ։
Սահմանադրության 17-րդ հոդվածը սահմանում է, որ «Հայաստանի Հանրապետությունում ապահովվում է կրոնական կազմակերպությունների ազատ գործունեությունը»։ Սա ոչ թե ձևական դրույթ է, այլ պարտավորություն՝ չխոչընդոտելու Եկեղեցու ինքնուրույն և ազատ գործելուն։
Ավելին, Սահմանադրության 18-րդ հոդվածը հստակ արձանագրում է. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։ Այս դրույթը հստակ կերպով պարտադրում է հարգանք Եկեղեցու նկատմամբ ու բացառում է միջամտության և թելադրանքի Եկեղեցու հանդեպ։
Սակայն առավել մտահոգիչ է այն, որ նույն ծրագրում հնչեցվում են կաթողիկոսին հրաժարական պարտադրելու և Եկեղեցի «բարեփոխելու» հակասահմանադրական և անօրեն գաղափարներ։ Պետք է հստակ արձանագրել՝
Կաթողիկոսի և որևէ հոգևորականի ընտրությունը, պաշտոնավարումը և հրաժարականը բացառապես Եկեղեցու ներքին կանոնական կարգավորման տիրույթում են։ Որևէ քաղաքական ուժ, որևէ պետական կամ հասարակական դերակատար իրավասու չէ միջամտելու այս գործընթացներին։ Նման մտահաղացումները ոչ միայն հակասում են Սահմանադրության վերոհիշյալ հոդվածներին, այլ նաև խախտում են պետություն–Եկեղեցի տարանջատման բուն էությունը։
Եկեղեցին «բարեփոխելու» կոչերը, երբ դրանք գալիս են քաղաքական ծրագրերից, վտանգավոր նախադեպ են ստեղծում։ Եկեղեցին բարեփոխման ենթակա կառույց չէ արտաքին պարտադրանքով․ նրա ներքին կյանքը կարգավորվում է դարավոր կանոններով, հոգևոր ժողովներով և եկեղեցական իրավակարգով։ Դրսից թելադրվող ցանկացած «բարեփոխում» իրականում միջամտություն և անհարգալից վերաբերմունք է հավատքի ու ավանդույթի հանդեպ։
Առավել մտահոգիչ է նաև այն փաստը, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ զբաղվում են կարգալույծ հոգևորականների բացահայտ կամ քողարկված հովանավորչությամբ՝ փորձելով նրանց ներկայացնել որպես այլընտրանքային «հոգևոր հեղինակություններ»։ Սա ոչ միայն խաթարում է եկեղեցական կարգապահությունն ու կանոնական կառուցվածքը, այլ նաև միտված է ներսից պառակտելու Եկեղեցին և թուլացնելու նրա միասնականությունը։
Պետք է հստակ արձանագրել՝ կարգալույծ հոգևորականը, եկեղեցական իրավունքի համաձայն, զրկված է հոգևոր ծառայություն իրականացնելու իրավունքից։ Նման անձանց քաղաքական կամ վարչական աջակցությունը փաստացի նշանակում է միջամտություն Եկեղեցու ներքին կարգերին և անտեսում նրա կանոնական որոշումները։
Մեղմ ասած, դրանք դուրս են ոչ միայն իրավական, այլև` բարոյական բոլոր սահմաններից։
Հորդորում եմ Նիկոլին և իր անօրեն կամակատարներին ձեռնպահ մնալ Եկեղեցու ներքին գործերին միջամտելուց, դադարեցնել կարգալույծ անձանց հովանավորելու վտանգավոր պրակտիկան և վերանայել իրենց ծրագրային ձևակերպումները՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և մեր ժողովրդի դարավոր արժեհամակարգով։
Հակառակ դեպքում՝ այսպիսի գործողությունները չեն ընկալվելու որպես «բարեփոխում» կամ «քաղաքական դիրքորոշում», այլ՝ որպես ուղղակի ճնշում հոգևոր հաստատության նկատմամբ՝ իր բոլոր ծանր հետևանքներով։
Հայցում եմ քաղաքական ուժերի հստակ գնահատականը նիկոլի և ՔՊ-ի նախընտրական ծրագրում տեղ գտած հակաեկեղեցական դրույթների վերաբերյալ, որպեսզի հավատացյալներն իմանան ու՞ մ տան իրենց քվեն, որ ապագայում չհայտնվեն ինքնության և հավատքի կորստի փաստի առջև»։
