Հավելավճարից զրկել են, աշխատավարձն էլ չեն բարձրացնում․ ՊՆ-ն խաբո՞ւմ է զինծառայողներին
Yerevan.Today-ն ահազանգ է ստացել ՊՆ հատուկ նշանակության զորամասերի պայմանագրային զինծառայողներից առ այն, որ 2026 թվականի հունվար ամսից զրկվել են ամսական 100․000-ական դրամ հավելավճարներից, որոնք մինչ այդ ստացել են։
«Վերջին հավելավճարը դեկտեմբերին ենք ստացել։ Ասել էին աշխատավարձերը կբարձրանան մինչև 200․000 դրամով, իսկ սպայական կազմինը մինչև 250․000 դրամով․ բայց ո՛չ աշխատավարձն է բարձրացել, ո՛չ էլ հավելավճարներն են տալիս։ Ամեն ամիս ասում են հաջորդ ամսվանից կլինի։ Մե՛կ ասում են նախարարը պիտի հրամանը ստորագրի, որ բարձրանա աշխատավարձերը, մե՛կ ասում են՝ կառավարությունը պիտի հաստատի։ Արդեն 3 ամիս է՝ ասում են մյուս ամսվանից կլինի, բայց չկա»,- նշել է մեր զրուցակիցը։
Ստացվում է՝ միայն դեկտեմբեր ամսին ավելի քան 7 մլն դրամ պարգևավճար ստացած Սուրեն Պապիկյանի ղեկավարած նախարարությունում սահման և հայրենիք պահողներին զրկել են անգամ 100․000 դրամ հավելավճարից՝ աշխատավարձի բարձրացման խոստումով։ Իսկ աշխատավարձը, իհարկե, չեն բարձրացրել։
Խորհրդարանում քննարկվում է կառավարության ծրագրի կատարողականը, որի ժամանակ, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը քանիցս խոսեց բանակում բարեփոխումներից և զինծառայության նկատմամբ գրավչության բարձրացումից։ Այդ «գրավչության բարձրացման» արդյունքների մասին առաջին անգամ չէ, որ ահազանգում են զինծառայողներն իրենք։
ՊՆ մամուլի քարտուղարը Yerevan.Today-ին առաջարկեց հարցը գրավոր ուղարկել։ Անշուշտ՝ կուղարկենք, և նաև, այդ կառույցի գործունեությանը քաջ ծանոթ լինելով, կարող ենք ասել, որ օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո կխնդրեն ևս մեկ ամիս՝ հարցմանը պատասխանելու համար։
Բայց կարծում ենք՝ ՊՆ-ն ոչ թե պետք է մեզ տրամադրի արդարացումներ և «հիմնավորումներ», այլ զինծառայողներին՝ խոստացած աշխատավարձը։
