ԹՐԻՓՓ-ը շատ մեծ հարցականի տակ է, սա լրջագույն հարցեր կառաջացնի Իրանի հետ․ Ռոբերտ Քոչարյան
ԹՐԻՓՓ-ը շատ մեծ հարցականի տակ է, սա լրջագույն հարցեր կառաջացնի Իրանի հետ: Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Այս իրավիճակում ես չեմ տեսնում ԹՐԻՓՓ–ի պրակտիկ իրագործումը։ Միակ տարբերակը ես տեսնում եմ այդ ֆորմատի ընդլայնումը՝ ներգրավելով Ռուսաստանին, Չինաստանին, այսինքն ներգրավվել որեւէ երկիր, որը Իրանի կողմից բարեկամ երկիր է ընկալում։ Այլ տարբերակը պրոբլեմային է։
Եվս մի հանգամանք, եթե Իրանից սանկցիաները հանեն և հասնեն մի համապարփակ լուծմանը, ապա Իրանի տարածքը դառնալու է տրանզիտի համար ամենից հարմար և կարճ տարածքը դեպի Եվրոպա։ Սա գլոբալ հսկայական փոփոխություններ է բերելու։ Չինաստան, Պակիստան, Իրան, Թուրքիա, Եվրոպա։ Ամենից կարճ մարշրուտն է լինելու։
Իսկ մենք շատ ավելի ուշադիր պետք է լինենք Իրանի հետ մեր հարաբերություններին։ Մենք ուղղակի չպետք է անենք քայլեր, որոնք կքանդեն այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում։ Այս իշխանությունը վարպետ է հարաբերություններ քանդելու մեջ։ Ուղղակի վարպետ է։ Կարծում եմ՝ հիմա իրենք էլ են հասկանում, որ պրոբլեմներ ունեն, բայց քանի որ նախընտրական ժամանակաշրջան է, փորձելու են կառչել այն թեզերից, որոնց վրա արդեն ջանքեր են գործադրել, տարիներ շարունակ քարոզել են»,– ասել է Քոչարյանը։
