Հայտնաբերվել է մայթին կայանած Lexus-ը
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, անհարմարություններ չստեղծեն հետիոտների համար, այն է՝ մեքենաները չկայանեն հետիոտների համար նախատեսված մայթերին, ինչը խոչընդոտում է հետիոտների ազատ տեղաշարժը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրերս ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի հանձնարարականով պարեկները հայտնաբերել են օտարերկրյա համարանիշներով «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը այն կանյանել էր Իսակովի պողոտայում՝ մայթի վրա, ինչը խոչընդոտ էր հանդիսանում հետիոտների համար։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օրինախախտ վարորդը Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Վադիմ Պ.-ն է, ով վարչական պատասխանատվության է ենթարկվել տրանսպորտային միջոցը մայթին կայանելու համար։
Պարեկային ծառայությունը կրկին անգամ հորդորում է վարորդներին պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։
