Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո»
Անցել է արդեն 5 օր, սակայն Աղինի վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ անփոփոխ: Բուժառուների առողջական վիճակում մեծ դրական փոփոխություններ դեռևս չկան։ Այս մասին «Փաստինֆո»– ին հայտնեց Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Մարիամ Ծատրյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում ապրիլի 10-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաներ։ Փրկարար ծառայության տվյալներով՝ վթարի հետևանքով մահացել է վեց մարդ, որոնց թվում 2-ը՝ երեխա։ Եվս 5 մարդ, որոնցից 3-ը՝ երեխա, մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:
28-ամյա կնոջը, որը տուժած երեխաների մայրն է, «Էրեբունի» ԲԿ տեղափոխվել էր սանավիացիայի միջոցով։ ԲԿ-ից հաղորդած տվյալների համաձայն՝ նա ունի բավական բարդ համակցված վնասվածքներ՝ գանգուղեղային ծանր վնասվածք, կրծքավանդակի սալջարդ, թոքերի վնասում, կոնքի կոտրվածքներ, ձախ ոտքի լուրջ վնասվածք՝ խորը վերքով և ոսկորի կոտրվածքով։
Հիվանդը անգիտակից վիճակում է, միացված է արհեստական շնչառության: Ծայրահեղ ծանր է գնահատվում 1-ամյա փոքրիկի վիճակը, իսկ 3 եւ 8 տարեկան երեխաների վիճակը ծանր։
Եւս մեկ տուժած գտնվում է մարզի բժշկական կենտրոնում։
Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
