Մրգաշենում կատարված սպանության համար մեղադրվող եղբայրները հայտնաբերվել են
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել են սպանության համար մեղադրվող Մրգաշեն գյուղի բնակիչ 20-ամյա երիտասարդին և նրա 17-ամյա եղբորը։
Նրանք ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ Մրգաշենում ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է։
Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ եղբայրները ապրիլի 13-ին Ա.Ա.-ին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ սուր կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան:
