«Հրապարակ». Հողի վեճ, մահափորձ ու երկար դատավարություն
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Տաթեւի նախկին վարչական ղեկավար Գոռ Մինասյանի քրեական վարույթով դատաքննությունը։ Բացի վարչական ղեկավարից, մեղադրյալի աթոռին է եւս մեկ անձ՝ Գեւորգ Հարությունյանը։ Գոռ Մինասյանն անցնում է 2 քրեական գործով․ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով ու 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ նա խուլիգանական դրդումներով վնասել է Մարո Մարտիրոսյանի գույքը, Գեւորգ Հարությունյանի հետ կատարել է խուլիգանություն, եւ Մարտիրոսյանի առողջությանը վնաս են պատճառել:
Մյուս քրեական գործով Գոռ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց կողմից ապօրինաբար կազմակերպել եւ ղեկավարել է Մարո Մարտիրոսյանի եղբոր՝ Կարո Մարտիրոսյանի սպանությունը, նրան կյանքից զրկելու դիտավորությամբ, սակայն այն իր կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել։
Մեր տեղեկություններով, Մարտիրոսյանների ընտանիքի եւ Գոռ Մինասյանի կոնֆլիկտը տարիների պատմություն ունի: Մարտիրոսյանները Տաթեւ համայնքում 2010 թվականին հողամաս են ձեռք բերել եւ գործունեություն ծավալել: Գոռ Մինասյանը, լինելով Տաթեւ համայնքի վարչական ղեկավարը, Մարտիրոսյանների ընտանիքին սեփականություն իրավունքով պատկանող հողամասը 2018-ին կրկին աճուրդի է դրել եւ աճուրդով գնել: Կարո Մարտիրոսյանի հայրը՝ Վարուժան Մարտիրոսյանը, դատարան է դիմել՝ պահանջելով իր գույքը:
Կարո Մարտիրոսյանի պաշտպան Ավետիք Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատական գործը նախնական դատալսումների փուլում է, դատավոր Գոռ Գասպարյանն ինքնաբացարկ է հայտնել. «Քննվում է Մարո Մարտիրոսյանի, այսինքն՝ Կարո Մարտիրոսյանի քրոջ վերաբերյալ գործը, որով Մարո Մարտիրոսյանը տուժողի կարգավիճակ ունի, իսկ մեղադրյալի կարգավիճակ ունեն Գոռ Մինասյանը եւ նրա աշխատող Գեւորգ Հարությունյանը: Կարո Մարտիրոսյանի գործով Գոռ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կազմակերպել եւ ղեկավարել է Կարո Մարտիրոսյանի սպանությունը, եւ նշված գործով նաեւ մեղադրանք է առաջադրվել Գոռ Մինասյանի 2 եղբայրներին՝ Գուժ եւ Զարզանդ Մինասյաններին, ինչպես նաեւ՝ դրանց հետ ազգակցական, ընկերական հարաբերությունների մեջ գտնվող մի քանի անձանց: Որոշակի փաստական առումով Գոռ Մինասյանի եղբայր Զարզանդ Մինասյանն իրեն մեղավոր է ճանաչել, մնացած մեղադրյալները դեպքի կապակցությամբ հերքել են իրենց մասնակցությունը: Մարո Մարտիրոսյանի գործով Գոռ Մինասյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, իսկ Կարո Մարտիրոսյանի վերաբերյալ խափանման միջոց կիրառված չէ: Մասնավորապես՝ իրավական խնդիր է, երբ անձը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, բայց իր նկատմամբ խափանման միջոց կիրառված չէ»:
Կարապետյանը ներկայացրեց նաեւ վեճի նախապատմությունը. «Կարո Մարտիրոսյանը նշել է, որ հողային խնդիր են ունեցել դեռեւս 2018 թվականին, եւ այդ խնդիրը ե՛ւ իրավական, ե՛ւ բարոյական առումով է շարունակվել, մասնավորապես՝ Կարո Մարտիրոսյանը եւ նրա ընտանիքի անդամները Գոռ Մինասյանի եւ նրա ընտանիքի անդամների վերաբերյալ արատավոր տեղեկություններ են տարածել, եւ դա է դրդապատճառ հանդիսացել: 2018 թվականի հողային խնդիր կա Մարտիրոսյանների ընտանիքի եւ Գոռ Մինասյանի միջեւ, որը հետագայում շարունակվել է դատարանում՝ մի քանի հայցեր են ներկայացված: Կարո Մարտիրոսյանին փորձել են սպանել, իսկ Մարո Մարտիրոսյանին նույն օրը՝ առավոտյան, մարմնական վնասվածքներ են պատճառել, ֆիզիկական ներգործություն, ինչպես նաեւ՝ մեղադրանք կա Գոռ Մինասյանի գույքը դիտավորությամբ վնասելու եւ խուլիգանություն կատարելու վերաբերյալ»: Մեղադրյալ Գոռ Մինասյանի պաշտպան Սլավիկ Պողոսյանը մեր հարցերին չպատասխանեց՝ ասելով, որ քրեական գործերի շրջանակներում այս պահին զերծ կմնա որեւէ մեկնաբանություն անելուց:
«Հրապարակ օրաթերթ»
