Ռուսաստան-ԱՄՆ պայմանավորվածությունները արգելափակվում են եվրոպական էլիտայի կողմից․ Լավրով
«Ուկրաինայի վերաբերյալ Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները արգելափակվում են եվրոպական էլիտայի կողմից», — հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Պեկինում։
Նա նաև նշել է, որ Մոսկվան շարունակում է պատրաստակամություն ցուցաբերել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցում։
Սերգեյ Լավրովը հավելել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանի զսպման պատասխանատվությունը տեղափոխել Եվրոպայի վրա։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ունեն բոլոր հնարավորությունները՝ կախված չլինելու Արևմուտքի «ագրեսիվ արկածախնդրություններից»։
Սերգեյ Լավրովի խոսքով՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը պահպանում և նույնիսկ ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
Նա ընդգծել է՝ ԱՄՆ-ը առաջ է մղում նոր ռազմական բլոկ ստեղծելու գաղափարը, որտեղ առաջատար դեր կունենա Ուկրաինան։
Մոսկվան զգուշացնում է Եվրամիության ռազմականացման վտանգի մասին։
