Պարտակվում է հանցագործություն. սա է նշանակելու, եթե չհրապարակվեց 44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցը.Ակցիա ԱԺ–ի դիմաց
Անհետ կորած զինծառայողների հարազատները այսօր՝ ապրիլի 14–ին, հերթական բողոքի ակցիան են կազմակերեպլ ԱԺ շենքի դիմաց։ Նրանք պահանջում են իրենց տրամադրել 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը։
Քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Քիչ առաջ հանդիպեցի «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, խոստացան, որ վաղը խմբակցությունը պտասխան կտա։ Հիշեցնեմ, որ նախորդ քառօրյա նիստերին դիմել էինք պաշտոնական նամակներով, հանրագրերով բոլոր խմբակցություններին, որպեսզի պատասխան տան, թե ինչու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ինքնուրույն 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել արխիվ և գաղտնիացրել է։
Իշխան Սաղաթելյանը խոստացավ, որ վաղը լինելու է պատասխան։
Նախորդ անգամ պատգամավորների մեծ մասը բարյացկամ էին, շատերը ընդունում էին, որ զեկույցը պետք է հրապարակել, ոմանք անտեղյակ էին, կարծում էին՝ արդեն հրապարակվել է, իսկ ոմանք իրենց բավական լկտի պահեցին, ինչի հետևանքով եղավ միջադեպ։ Մենք այսօր եկել ենք պատասխանները ստանալու»։
Միքայել Մարգարյանը համոզմունք հայտնեց, որ զեկույցը պետք է հրապարակվի և հանրությունը պետք է իմանա ամբողջ ճշմարտությունը պատերազմի մասին. «Որովհետեւ գալիք ընտրություններին այդ հանձնաժողովի քննության արդյունքում հարուցված քրեական գործերով մեղադրյալները մասնակցելու են ընտրություններին և չի բացառվում, որ ընտրվելու են բարձր պաշտոններում։
Մենք պաշտոնապես թույլ ենք տալիս այն վարկածը, որ բոլորն էլ անմեղ են։ Քննել եք՝ ցույց տվեք։ Եթե իշխանությունն է թաքցնելու, ուրեմն իշխանությունն է գլխավոր մեղավորը։ Սակայն եթե ընդդիմությունը չի միանում մեր պահանջին, իսկ մինչ այսօր չի միացել, դա ևս մեզ չի բավարարում։
Եթե պատգամավորների առանձին պատգամավորների կարծիքը այսօր համահունչ է մեզ հետ, ապա խմբակցությունների կարծիքը մենք դեռ այս պահին չունենք։ Եթե երեք խմբակցություններ համաձայնվում են, որ դե ոչինչ թող փակ մնա, որովհետև գաղտնի է, միանշանակ մեր մեղադրանքները ուղղվելու են բոլոր խմբակցություններին առ այն, որ պարտակվում է հանցագործություն։
ԱԺ նախագահը պատասխանել է օգնականի միջոցով, որ զեկույցը գաղտնի է։ Մեր փաստաբան Հարություն Բաղդասարյանը ավելի սպառիչ է պատասխանել, իմ հասկանալով ասել է՝ գնացեք ձեր գործերով, հանձնաժողովը գաղտնի է ամբողջությամբ»։
Նա ընդգծեց, որ հիմա սպասում են, որ տեսնեն «Պատիվ ունեմ» և ՔՊ խմբակցությունների ղեկավարներ Հայկ Մամիջանյանին և Հայկ Կոնջորյանին։
