Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքի ընթացքում հնչեց կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի ուղերձը՝ ուղղված հայ ժողովրդին։
Ուղերձում նա հայտարարեց, որ շուրջ մեկ տարի գտնվում է կալանքի տակ՝ պատճառաբանելով, որ իր դիրքորոշումները կապված են եկեղեցու և ազգային ինքնության պաշտպանության հետ։ Նրա խոսքով՝ իր ձայնը բարձրացրել է այն իշխանության դեմ, որը, ըստ իրեն, երկիրը պահում է սոցիալական դժվարությունների, վախի մթնոլորտի և հասարակական պառակտման պայմաններում։
Կարապետյանը ընդգծեց, որ թեև ֆիզիկապես չի կարող գտնվել ժողովրդի կողքին, սակայն շարունակում է իրեն տեսնել այդ շարժման մի մաս և համոզված է, որ միասնական ուժը կարող է բերել փոփոխություն, որը հնարավոր չէ կանգնեցնել։
Նա նաև վստահություն հայտնեց, որ առաջիկա ընտրություններում իրենց ուժը կհասնի հաղթանակի՝ իշխանությունից հեռացնելով, իր ձևակերպմամբ, պետական շահերին վնասող քաղաքական ուժին և հնարավորություն տալով երկրի վերափոխմանը։
Եզրափակելով իր խոսքը՝ Սամվել Կարապետյանը կոչ արեց միավորվել և հասնել քաղաքական փոփոխության՝ ընդգծելով, որ դա անհրաժեշտ է երկրի զարգացման և պետականության ամրապնդման համար։
