Ոչ թե Փաշինյանին, այլ՝ ԵԽ պատգամավորներին. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը

«Մարտի 11-ին Եվրոպայի խորհրդարանում ՀՀ վարչապետի աթոռը զավթած, սահմանադրական կարգը տապալած, սեփական ժողովրդին ռմբահարած և քաղաքական, հոգևոր-բարոյական բռնաճնշումների ենթարկած, հարյուր հազարավոր հայրենակիցների հայրենազրկման, էթնիկ զտման, Բաքվի բանտերում մեր եղբայրների տառապանքի պատճառ հանցագործությանը հանցակից անձը անդրադարձել է նաև ինձ՝ Բագրատ արք. Գալստանյանիս և Հայ Եկեղեցուն ընդհանրապես` լոկ իրեն հատուկ ստախոսությամբ և խաբեությամբ:

Այս գրությամբ իրեն չեմ անդրադառնալու, քանի որ իր հետ ամեն ինչ առավել քան պարզ է:

Խոսքս ուղղված է Եվրոպայի Խորհրդարանի պատգամավորներիդ, որ հոտնկայս ծափահարում էիք ստին ու կեղծիքին: Անկեղծ ասած` տարիները և իրադարձությունները փաստել են ձեր երկակի չափանիշների մասին, թե ինչպես ձեր աշխարհաքաղաքական նպատակահարմարությունից բխած կարող եք ոտնահարել մարդկային իրավունքը` անհատական և ազգային, բարոյականությունը, արդարությունը և ճշմարտությունը` ձեր գերակա շահերով առաջնորդված, և միևնույն ժամանակ, ամենաբարձրը աղաղակելով այդ ամենի մասին:

Այս ամենով հանդերձ, անդրադառնամ ելույթին` որպես երևույթ: Թերևս, համաշխարհային պատմության և քաղաքակրթության եզակի կամ աննախադեպ դեպքն է, երբ երկրի ղեկավարը միջազգային նման բարձր ամբիոնից բողոքում կամ, ավելի ճիշտ, բամբասում է իր ընդդիմախոսներից և իր հայացքները չկիսողներից:

Հակառակը տեսել ենք, որ այդ դերակատարությունը ստանձնել են օրվա իշխանության ընդդիմախոսները և կամ քաղաքական հալածանքի ենթարկվածները` փորձելով ուշադրություն հրավիրել իրենց երկրում առկա խնդիրների և ապօրինությունների վրա:

Դուք այս ձևափոխությանը ևս մասնակցեցիք:

Վստահ եմ` ձեզանից շատերը ներկայացնում են հարուստ պատմական փորձ ունեցող ժողովուրդներ, ժողովուրդներ, որոնք բախվել են օկուպացիայի, բաժանման և անարդարության։ Դժվար է պատկերացնել, որ դուք կծափահարեիք նրանց, ովքեր ձեր սեփական պատմության մեջ նման էջերի պատճառ են դարձել։

Վստահ եմ, որ հիացումով ծափահարել եք Մակարիոս արքեպիսկոպոսին, Դիտրիխ Բոնհոֆերին, Դեզմունդ Թութու արքեպիսկոպոսին, Կարոլ Վոյտիլային` նույն ինքը երջանկահիշատակ Հովհաննես Պողոս Բ պապին, հոգևորականների, ովքեր պայքարել են արդարության և իրենց ժողովրդի ազատության և իրավունքների համար:

Նշեմ, որ ո՛չ ես և ո՛չ էլ իմ եղբայրները հավակնությունը չունենք համեմատվելու վերոնշյալ կարկառուն հոգևորականների հետ, սակայն իմ պայքարը եղել և մնում է ճշմարտության, արդարության, ազատության և հաշտության համար` պաշտպանելով իմ հայրենազրկված ժողովրդի իրավունքները` ընդդեմ ստի, կեղծիքի, ատելության, բռնության և հայրենահանձնման, հանուն ինքնիշխան և անկախ պետության` ընդդեմ կախվածության և արտաքին ճնշումների և թելադրանքների:

Ինչո՞ւ սկսեց մեր շարժումը

2024թ-ի մարտի 18-ին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, Ոսկեպար և Կիրանց գյուղերում հանդիպելով տեղի բնակչությանը, շանտաժի և ահաբեկության լեզվով սպառնաց մարդկանց` նշելով, որ եթե այսպես կոչված սահմանազատմանը և սահմանագծմանը դեմ լինեն, պատճառ կդառնան պատերազմի մեկ շաբաթից կամ տասն օրից` փաստացի մարդկանց դնելով ծանր պատասխանատվության ներքո:

Մարդը, որ ի պաշտոնե կոչված էր պաշտպանելու իր ժողովրդի անվտանգությունը, փաստորեն ինքն էր սպառնում այդ անվտանգությանը: Մինչդեռ դրանից 3 տարի առաջ` 2021թ-ին, նույն մարդը նույն ժողովրդին վստահեցնում էր, որ գյուղեր կամ տարածքներ հանձնելու հարց գոյություն չունի, իսկ նման հարցի ծագման դեպքում իր ձեռքը կկտրի, սակայն չի հանձնի:

Սա (2021թ-ը) նախընտրական շրջան էր` ակնհայտորեն քվեներ կորզելու խաբեությամբ ուղեկցվող:

Իմիջիայլոց, սահմանազատման և սահմանագծման մասին ասված ոչինչ չկա ՔՊ նախընտրական արշավի ծրագրում: Եվ ընդամենը 3 տարի հետո քվե մուրացողը ահաբեկում էր իր ընտրողներին:

Ի՞նչ էր մեր դիրքորոշումը

Այսպես կոչված սահմանազատման և սահմանագծման գործընթացի հարցն ունի երկու շերտ` իրավական և բարոյական:

Իրավական. սահմանազատում և սահմանագծում պետք է իրականացվի բացառապես թե’ ՀՀ ներքին և թե’ միջազգային օրենքների և սկզբունքների համաձայն և ո’չ ուժի սպառնալիքի ներքո:

Բարոյական. երկրի ղեկավարը չի կարող ստել, խաբել, սպառնալ և ահաբեկել իր ժողովրդին և սահմանազատում-սահմանագծումը պետք է հաստատվի արդարության սկզբունքով:

Հետևաբար`

ա.Սահմանազատումը և սահմանագծումը պետք է իրականացվի ընդհանուր խաղաղության փաթեթով, այսինքն` եթե այն միտված է խաղաղություն հաստատելուն, ապա այն պետք է ընդամենը մեկ բաղադրիչը լինի համապարփակ խաղաղության գործընթացի կամ փաստաթղթի` բոլոր իրավական չափանիշների հարգմամբ, արդարության սկզբունքի հաստատմամբ, երկկողմանի փոխզիջմամբ, Հայաստանից զավթված տարածքներից Ադրբեջանի դուրս գալով, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքով, հայ գերիների և պատանդների ազատությամբ և միջնորդների ու երաշխավորների առկայությամբ կամ ներգրավմամբ:

բ.Սահմանազատում-սահմանագծումը սկսել ոչ թե Տավուշից` 1990-ականների «վիճելի» տարածքներից, այլ 2021-24թթ ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից զավթված ՀՀ տարածքներից:

գ.Սահմանազատում-սահմանագծումը չի կարող տեղի ունենալ միակողմանի կերպով (խոստացվել էր, որ Բերքաբեր գյուղին պատկանող 900հեկտար հողը, որը գտնվում է Ադրբեջանի տիրապետության ներքո, կվերադարձվի Հայաստանին: Սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ և չի էլ ունենալու):

դ.Սահմանազատում-սահմանագծումը ամբողջ ժողովրդի և պետության, ինչպես նաև միջպետական հարց է և ոչ սոսկ երկու-երեք գյուղերի բնակիչների պատասխանատվությունը, հետևաբար, հանցագործություն է տվյալ գյուղերի բնակիչների վրա բարդել ողջ պատասխանատվությունը:

Հիմա այս բոլորը պահանջելը ապատեղեկատվությո՞ւն է, թե՞ հստակ մարդկային և քաղաքացիական պահանջ:

Հավելեմ նաև, որ մարդը (ՀՀ վարչապետը), ով 2022թ-ին պնդում էր, թե ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները (նշեմ, որ նման բան գոյություն չունի) 29800քկմ են, 2023թ-ին հանկարծ որոշեց, որ ՀՀ սահմանները 29743քկմ են: Փաստորեն, ընդամենը մեկ տարում ՀՀ «միջազգայնորեն ճանաչված սահմանները» փոխվեցին. ինչի՞ հիման վրա, ի՞նչ սկզբունքով, ո՞ր փաստաթղթով կամ քարտեզով: Արդյո՞ք նման մոտեցումը կարող է վստահություն ներշնչել սահմանազատման-սահմանագծման արդարության հանդեպ: Իսկ միգուցե քիչ ուշ պարզվի, որ ՀՀ սահմանները 29800քկմ՞ են ըստ նոր հայտնաբերված միջազգային ճանաչումի:

Ո՞րն է եղել իշխանության արձագանքը

Նախ` տեղեկատվական հարձակում իրենց իսկ ստեղծած «ֆեյքերի ՊՈԱԿ» կոչված ֆեյքերի ֆաբրիկայի, սեփական լրատվամիջոցների միջոցով` մարդու արժանապատվությունը վիրավորող հայհոյանքներով և զրպարտություններով, ատելության խոսքի տարածմամբ և սպառնալիքներով, ոստիկանության բիրտ ճնշումներով և ապօրինի ձերբակալություններով:

Իսկ 2024թ-ի հունիսի 12-ին Երևանի կենտրոնում խաղաղ ցուցարարներին ռմբակոծեցին արգելված Զարյա-3 ռումբերով` չխնայելով կանանց և երեխաներին: Հարյուրավոր մարդիկ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացան, ենթարկվեցին ծեծի ու բռնության, հալածանքների և աշխատանքից զրկվելու սպառնալիքների, որ տևում է մինչև այսօր:

Եվ այս ամենը տեղի է ունեցել ձեր լուռ համաձայնությամբ, որովհետև ձեզ համոզել են թե’ գրավոր և թե’ բանավոր կերպով, որ սա «ռուսական ծրագիր» է: Իսկ դուք էլ արդար մարդիկ եք և լուռ համոզվել եք, թեև եթե նույնիսկ ձեզ համոզող չլիներ, դուք կհամոզեիք կամ կինքնահամոզվեիք, քանի որ դա պահանջում է ձեր աշխարհաքաղաքական դիրքորոշումը և շահը և ոչ երբեք ճշմարտությունը կամ արդարությունը:

Ո՞րն էր ձեր արձագանքը

Այո, դուք լռեցիք և շարունակում եք լռել, երբ պատերազմ էր Արցախում, երբ ժողովուրդը պայքարում էր իր ազատ ապրելու իրավունքի համար: Կարծեմ` նման գաղափարների «կրողն ու քաջալերողն» եք: Թե՞ այս ժողովուրդը իրավունք չունի իրավունք ունենալ:

Դուք լռեցիք և շարունակում եք լռել, երբ Արցախի ժողովուրդը ենթարկվեց էթնիկ զտման իր բնօրրանից, իր ղեկավարները հայտնվեցին ձեզ համար սիրելի և տնտեսապես շահավետ Բաքվի բռնապետի բանտերում` ենթարկվելով անմարդկային կտտանքների` բռնաբարված արդարադատությամբ:

Դուք լռում եք Արցախի ժողովրդի հայրենիք վերադարձի բնական իրավունքի մասին, Արցախի հայության մշակութային ժառանգության ոչնչացման մասին, բայց ծափահարում եք այս բոլորի համահեղինակին:

Լսած կլինեք «Վայ ձեզ, կեղծավորներ… կույր առաջնորդներ, որ մժղուկներին քամում եք, բայց ուղտերին կուլ եք տալիս» (Մատթ. 23:23-24)

Հաջորդիվ պիտի լիներ կալանավորումը

2025թ-ի հունիսի 25-ից ես և իմ 17 աջակիցներ, գրեթե մեկ տարվա «գաղտնալսումներից», հետապնդումներից, ճնշումներից և հալածանքներից հետո, գտնվում ենք կալանքի տակ` ակնհայտ կեղծ մեղադրանքներով և նենգափոխված, կեղծված այսպես կոչված «ապացույցներով»:

Սովետական բռնապետության ոճով աննախադեպ բռնաճնշումների է ենթարկվում Հայ Եկեղեցին` Ամենայն Հայոց Հայրապետը, բարձրաստիճան եկեղեցականները, ազգային բարերարը և բոլոր այն մարդիկ, ովքեր համաձայն չեն եղել ձեր ԺՈՂՈՎՐԴԱՎԱՌ-ի քմահաճույքի հետ և խոսել են արդարության և իրավունքի, ճշմարտության, սեփական ինքնության և արժեքների պաշտպանության մասին: Այս շարքում են պատգամավորներ, գործարարներ, քաղաքական գործիչներ, բլոգերներ, երիտասարդներ, կանայք և այլն, որոնք կալանքի տակ են և զանազան կեղծ քրեական վարույթներով սահմանափակումների ենթարկված:

Եվ այս ամենը դարձյալ ձեր լուռ համաձայնությամբ:

Արդեն գրեթե ինն ամիս է` շարունակվում է դատավարություն կոչված թատրոնը, ինն ամիս շարունակ այն ուղեկցվել է անմեղության կանխավարկածի խախտումներով տարբեր աստիճանի իշխանավորների կողմից, Հանրային Հեռուստատեսությունը դարձել է ատելություն ու զրպարտություն տարածող բացառիկ գործիք, Գլխավոր դատախազն ու Քննչական կոմիտեի ղեկավարը ակնհայտ զրպարտություն և կեղծիք են տարածում, Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթ չի ընդունում պաշտոնեական կեղծիքի հանցագործության մասին հաղորդումը, այսինքն` ամբողջ իրավական և իրավապահ համակարգը գործում է բացառապես մեկ մարդու հրահանգով և պարտադրանքով և այդ մեկ մարդը ձեր սիրելին է, որին ցավոք վաղը զոհելու եք և վաճառելու, քանի որ այլևս որպես անպետք գործիք ժամանակավրեպ է դառնալու:

Եվ այո’, այս ամենը ձեր լուռ համաձայնությամբ է:

Վերջին խոսք

Այսուհանդերձ, ես պատրաստ եմ լինել բանտում, ենթարկվել այս ամենին այնքան, որքան կպահանջվի իմ երկրի` Հայաստան աշխարհիս ազատագրումը: Ես կասկած անգամ չունեմ, որ վաղ թե ուշ իմ երկիրը ազատագրվելու է այս կապանքներից, ստորացումներից և նվաստացումներից, վերականգնելու է իր կյանքն ու ամբողջականությունը և այն ժամանակ դուք լուռ, սակայն ծափահարելու եք ձեր ամոթի համար:

Իսկ մեր ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ…

Կեցցե’ ազատ, արդար և Աստվածապաշտ Հայաստանը

Կեցցե’ ազատագրված Արցախը»։

Հայրենիքի կալանավոր, խղճի բանտարկյալ

Բագրատ արք. Գալստանյան

22.03.2026

Գալստյան կիրակի

դիտվել է 285 անգամ
Լրահոս
Ախուրյանի ՔՊ-ական համայնքապետն աշխատանքից ազատել է ԲՀԿ-ական տեղակալին Գիտությունը պետք է զարգանա տնտեսության և արդյունաբերության հետ մեկտեղ. Ռոբերտ Քոչարյան «Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Տղաների վիճակը ծայրահեղ ծանր է Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am