Միջազգային տարբեր համալսարանների ականավոր ցեղասպանագետները բաց նամակ են ուղղել ՀՀ կառավարությանը՝ կոչ անելով վերականգնել Էդիտա Գզոյանին տնօրենի պաշտոնում

Միջազգային տարբեր համալսարանների ականավոր ցեղասպանագետները բաց նամակ են ուղղել ՀՀ կառավարությանը՝ կոչ անելով վերականգնել Էդիտա Գզոյանին տնօրենի պաշտոնում:

«Իրադարձությունների հաջորդականությունը ցույց է տալիս ավելի լայն և խորապես անհանգստացնող օրինաչափություն՝ անկախ ակադեմիական կարծիքների լռեցում քաղաքական նկատառումներից ելնելով։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ դա կապված է ոչ այնքան թանգարանի կառավարման, որքան Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի դիրքորոշման փոփոխության հետ, որպեսզի նրա աշխատանքը համապատասխանեցվի աշխարհաքաղաքական առաջնահերթություններին, հատկապես հարաբերությունների կարգավորման շարունակական ջանքերի ֆոնին՝ Ադրբեջանի հետ կապված վայրագությունների վերաբերյան անաչառ քննարկումից խուսափելու ցանկությամբ։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պարզապես զբոսաշրջային վայր չէ։ Այն պատմական հիշողության և գիտության կենտրոն է, ուրացման և աղավաղման դեմ հենակետ։ Նրա ղեկավարությունը պետք է պաշտպանված լինի քաղաքական միջամտությունից, այլ ոչ թե ենթարկվի դրան։ Դոկտոր Գզոյանի հարկադիր հեռանալը վախեցնող ազդակ է ամբողջ աշխարհի գիտնականների և պատմաբանների համար․օբյեկտիվ հետազոտությունն ու ճշմարիտ հիշողությունը կարող են փոխարինվել դիվանագիտական հարմարավետությամբ»,-նշված է նամակում:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորեւ.

Մենք՝ ստորագրողներս, արտահայտում ենք խոր մտահոգություն Երևանի Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտում (ՀՑԹԻ) տեղի ունեցած վերջին և անհանգստացնող զարգացումների կապակցությամբ: 2026 թվականի մարտի 11-ին Դր. Էդիտա Գզոյանը՝ Ինստիտուտի պատմության մեջ ամենաականավոր և նվիրյալ տնօրեններից մեկը, ներկայացրեց իր հրաժարականը՝ ըստ ամենայնի կառավարության ճնշման, այլ ոչ թե սեփական կամքով: Դր. Գզոյանն ՀՑԹԻ-ն բարձրացրեց միջազգային գիտական ճանաչման բարձունքին: Նրա ղեկավարության ներքո Ինստիտուտն ընդլայնեց իր արխիվային հավաքածուները, կազմակերպեց կարևոր սիմպոզիումներ և գիտաժողովներ, ու ստեղծեց գիտական աշխատություններ, որոնք էականորեն առաջ մղեցին ցեղասպանության ուսումնասիրությունները ողջ աշխարհում: Նա անձնուրաց պաշտպան է եղել Հայոց Ցեղասպանության և հայերի դեմ ուղղված հարակից բռնությունների վերաբերյալ խիստ պատմական հետազոտությունների՝ աշխատանք, որը խորացրեց անցյալի անարդարությունների համաշխարհային ըմբռնումը և ամրապնդեց պատմական ճշմարտության գործը: Նրա հարկադիր հեռացումն առանձնապես անհանգստացնող է իր ժամկետի և համատեքստի առումով:

Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Դր. Գզոյանն անձամբ ուղեկցեց ԱՄՆ Փոխնախագահ Ջ.Դ. Վենսին Ծիծեռնակաբերդի Հուշահամալիրի այցի ժամանակ: Նա ընդգծեց ոչ միայն 1915 թվականի Ցեղասպանությունը, այլ նաև Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում հայերի դեմ ուղղված հետագա ջարդերը՝ ընդգծելով տարածաշրջանում հայատյաց բռնությունների պատմական շարունակականությունը: Նա նաև Փոխնախագահ Վենսին նվիրեց Հայոց Ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ գիտական աշխատություններ՝ Հայաստանի պատմությունն ու ժամանակակից մարտահրավերները հասկանալու համար անհրաժեշտ համատեքստ: Մարտի 12-ին, լրագրողի հարցին՝ Դր. Էդիտա Գզոյանի հարկադիր հրաժարականի վերաբերյալ, Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Իմ ցուցումով է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն ազատման դիմում գրել… Ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի»: Իրադարձությունների հաջորդականությունը վկայում է ավելի լայն և խիստ անհանգստացնող ձևաչափի մասին՝ քաղաքական հարմարավետության հաշվին անկախ ակադեմիական ձայների լռեցում: Բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ սա ավելի քիչ վերաբերում է թանգարանի կառավարմանը, և ավելի շատ՝ ՀՑԹԻ-ի վերակողմնորոշմանն ըստ աշխարհաքաղաքական առաջնահերթությունների, մասնավորապես Ադրբեջանի հետ ընթացող նորմալացման գործընթացի ֆոնին Ադրբեջանին առնչվող բռնությունների անկեղծ քննարկումից խուսափելու ձգտմանը: Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտը զբոսաշրջային վայր չէ: Այն պատմական հիշողության և գիտության կենտրոն է՝ ժխտման ու խեղաթյուրման դեմ ամուր հենարան: Նրա ղեկավարությունը պետք է պաշտպանված լինի քաղաքական միջամտությունից, այլ ոչ թե ենթարկված դրան: Դր. Գզոյանի հարկադիր հեռացումը ամենուր ակադեմիկոսներին ու պատմաբաններին հղում է սառեցնող ուղերձ. որ խիստ հետազոտությունն ու ճշմարտացի հիշատակումը կարող են զոհաբերվել դիվանագիտական հարմարության ի նպաստ: Մենք բոլորս ակտիվ կապ ենք ունեցել ՀՑԹԻ-ի հետ բազմաթիվ էական ոլորտներում՝ մասնակցելով նրա գիտաժողովներին, ծառայելով «Հայոց Ցեղասպանության Ուսումնասիրությունների Միջազգային Հանդեսի» խմբագրական խորհրդում և ակադեմիական խորհրդում, համագործակցելով ՀՑԹԻ-ի և նրա աշխատակիցների հետ համատեղ գիտական նախաձեռնություններում, ինչպես նաև ոլորտին նպաստելով ակադեմիական հոդվածների և գրքերի հրատարակմամբ: Գզոյանն առանցքային դեր է կատարել ՀՑԹԻ-ի գործունեությանն ու ապագայի ձևավորմանը մեր ներգրավման գործում՝ իր ստեղծագործ տեսլականով և բացառիկ գիտնականությամբ: Մենք հավատում ենք, որ Դր. Գզոյանին ՀՑԹԻ-ի տնօրենի պաշտոնից հեռացնելու ցանկացած փորձ կվտանգի Ինստիտուտի ապագան և կվնասի նրա դիրքը միջազգային գիտական համայնքում: Նման որոշումը ոչ միայն կխաթարի Ինստիտուտի ընթացիկ աշխատանքը, այլ կհղի խորապես անհանգստացնող ազդակ ցեղասպանագիտության ոլորտի առաջատար գիտնականներին ամբողջ աշխարհում՝ հետ կանգնեցնելով նրանց ՀՑԹԻ-ի հետ համագործակցությունից և թուլացնելով այն համաշխարհային ակադեմիական գործընկերությունները, որոնք կենսական են Ինստիտուտի առաքելության համար: Այս պատճառներով մենք կտրականապես կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը ձեռնպահ մնալ Ինստիտուտի ղեկավարությանը միջամտելուց:

Կոչ ենք անում իշխանություններին հարգել ՀՑԹԻ-ի անկախությունը և ապահովել, որ Դր. Գզոյանը կարողանա շարունակել իր աշխատանքն առանց քաղաքական ճնշման կամ միջամտության: Ինստիտուտի ինքնավարության և ղեկավարության պաշտպանությունը կարևոր է նրա վստահելիության պահպանման, գիտական առաքելության ապահովման և միջազգային ակադեմիական համայնքի վստահության պահպանման համար: Կարծում ենք, որ ՀՑԹԻ-ի տնօրինությունը պետք է հիմնված լինի անձի՝ որպես գիտնականի և ղեկավարի որակների, այլ ոչ թե որևէ կոնկրետ վարչակազմի քաղաքական հնարավոր հաշվարկների վրա: ՀՑԹԻ-ի աշխատակիցները և Խորհրդի անդամները հայտնել են իրենց լիակատար վստահությունը Դր. Գզոյանի բացառիկ ղեկավարության հանդեպ: Մենք վճռականորեն պահանջում ենք, որ Դր. Գզոյանն անհապաղ վերականգնվի պաշտոնում և կարողանա շարունակել իր ղեկավարած ակնառու աշխատանքը:

Պրոֆ. Պետրոս Տեր Մաթոսյան, պատմության դոկտոր, Հայմեն Ռոզենբերգ հուդայական ուսումնասիրությունների պրոֆեսոր, Նեբրասկա-Լինքոլնի Համալսարան

Պրոֆ. Էլիզ Սեմերջյան, Ռոբերտ Արամ և Մարիան Կալուստյան, Սթիվեն և Մերիըն Մուգար հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ, Քլարք Համալսարան, Սթրասլերի Հոլոքոստի և Ցեղասպանության Ուսումնասիրությունների Կենտրոն

Պրոֆ. Արմեն Մարսուբյան, փիլիսոփայության պրոֆեսոր, Հարավային Կոնեկտիկուտի Պետական Համալսարան

Պրոֆ. Քիթ Ուոթընփո, մարդու իրավունքների ուսումնասիրությունների պրոֆեսոր, Կալիֆոռնիայի Համալսարան, Դեյվիս

Պրոֆ. Մելանի Շուլց Դանիելյան, պատմության դոկտոր, Միչիգանի Համալսարան, Էն Արբոր

Դր. Սիմոն Մաղաքյան, Ասիական և Մերձավոր Արևելյան Ուսումնասիրությունների ֆակուլտետի ասոցացված անդամ, Օքսֆորդի Համալսարան

Դր. Բորիս Աճեմյան, ՀԲԸՄ Նուբարյան մատենադարանի տնօրեն Պրն. Մարկ Մամիկոնյան, Հայկական Ուսումնասիրությունների և Հետազոտությունների Ազգային Ասոցիացիա (NAASR)

Պրոֆ. Վահե Թաշճյան, Հուշամատյան, Բեռլին / Արա Հռեշդակյան հայագիտության ամբիոն, Բեյրութի Սուրբ Հովսեփ Համալսարան

Պրոֆ. Հուրի Բերբերյան, պատմության պրոֆեսոր, Մեղրունի ընտանիքի հայագիտության ամբիոն, Կալիֆոռնիայի Համալսարան, Իրվայն

Պրոֆ. Հենրի Թերիո, փ.գ.դ., Հայկական Ուսումնասիրությունների և Հետազոտությունների Ազգային Ասոցիացիայի Տնօրենների Խորհրդի նախագահի տեղակալ, «Genocide Studies International» հանդեսի համախմբագիր

Պրոֆ. Ռոնալդ Գրիգոր Սյունի, Ուիլյամ Հ. Սյուելլ կրտսեր անվան պատմության պատվավոր պրոֆեսոր, Միչիգանի Համալսարան; Չիկագոյի Համալսարանի քաղաքագիտության և պատմության պատվավոր պրոֆեսոր

Պրոֆ. Բառլո Դեր Մկրտչյան, Հայկ և Իզաբել Բերբերյան հայագիտության ամբիոնի համակարգող, Կալիֆոռնիայի Պետական Համալսարան, Ֆրեզնո

Պրոֆ. Լոռի Խաչատուրյան, դոկտոր, Մերձավոր Արևելյան Ուսումնասիրությունների և Մարդաբանության ֆակուլտետներ, Քոռնելի Համալսարան Դր. Հիլմար Կայզեր, Բեռնի Համալսարան Պրն. Մայքլ Բոբելյան, Կոլումբիայի Համալսարանի և Բառուչ Քոլեջի հրավիրյալ պրոֆեսոր

Պրոֆ. Ա. Դըրք Մոզես, Նյու Յորքի Սիթի Քոլեջի Ան և Բեռնարդ Սփիթզեր միջազգային հարաբերությունների պրոֆեսոր

Պրոֆ. Հերվե Ժորժելեն, Հունաստանի Ազգային Աթենքի Համալսարանի դոկտոր Դոկտոր Գրեգորի Աֆթանդիլյան, ավագ դասախոս, Ամերիկյան Համալսարան, Վաշինգտոն, ԱՄՆ

Պրոֆ. Ժյուլիեն Զարիֆյան, ԱՄՆ-ի պատմության պրոֆեսոր, Պուատյեի Համալսարան, Ֆրանսիա

Պրոֆ. Ֆաթմա Մուգե Գյոչեք, սոցիոլոգիայի պրոֆեսոր, Միչիգանի Համալսարան

Պրոֆ. Դեյվիդ Գաունթ, պատմության պատվավոր պրոֆեսոր, Սյոդեռթյոռնի Համալսարան, Ստոկհոլմ, Շվեդիա

Պրոֆ. Թեսա Հոֆման, նախկինում Բեռլինի Ազատ Համալսարան, Գերմանիա, Արևելաեվրոպական Ուսումնասիրությունների Ինստիտուտ

Դր. Դալար Շահինյան, Կալիֆոռնիայի Համալսարանի, Իրվայն, հայագիտության մշտական դասախոս

Պրոֆ. Սեմուել Թոթեն, Արկանզասի Համալսարան, Ֆայեթվիլ

Պրոֆ. Սամուել Թոթեն, Արկանզասի Համալսարան, Ֆայեթվիլ

 

դիտվել է 201 անգամ
Լրահոս
Աղավնաձորի խաչմերուկում մեքենաներ են բախվել, 3 վիրավորներից մեկը անչափահաս է Եթե առավոտյան արթնանում եք ու դեռ հայ եք՝ դա ինքնին պատերազմի առիթ է․ Քրիստինե Վարդանյան Այսպես է իրականացվում ցեղասպանությունը․ Արարատ քահանա Պողոսյան «Չկա պատերազմի և խաղաղության երկընտրանք։ Կա Հայաստանի որպես ազգային պետություն լինել-չլինելու ճամփաբաժան». Կարպիս Փաշոյան Միջազգային տարբեր համալսարանների ականավոր ցեղասպանագետները բաց նամակ են ուղղել ՀՀ կառավարությանը՝ կոչ անելով վերականգնել Էդիտա Գզոյանին տնօրենի պաշտոնում Իրանի ղեկավարությունը դուրս է եկել փողոցներ՝ չվախենալով իսրայելա-ամերիկյան օդուժի հարվածներից. թյուրքագետ Թրամփն անդրադարձել է Իրանի դեմ ռազմական գործողության ավարտի հարցին Թուրքիայում խոցված հրթիռները արձակվել են երրորդ կողմի կողմից.Անկարայում Իրանի դեսպան Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը շատացել է Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Լրացուցիչ հարցաքննության էին կանչել արդեն մեղադրյալի կարգավիճակում. Հայկազուն սրբազանի պաշտպան Եթե Իրանում հաստատվի խամաճիկ իշխանություն, TRIPP-ը կարող է կորցնել իր արդիականությունը ԱՄՆ-ի համար Ավտովթար՝ Լոռու մարզում․ վիրավորներ կան Սամվել Կարապետյանի վարկանիշն ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանինը. Բազեյան Իսրայելը լրացուցիչ ուժեր կտեղակայի Լիբանանի հետ սահմանին Ում հետ են պատրաստվում համագործակցել․ Նարեկ Կարապետյանը մանրամասնում է Սամվել Կարապետյանն այս պայքարը սկսել է, որովհետև ցավոք, Հայաստանում չկար մարդ, որը կարող էր կանգնեցնել այս անկումը․ Նարեկ Կարապետյան Վախը նրանց ստիպում է, որ հնարավորություն չտան, որ Սամվել Կարապետյանը խոսի հանրության հետ․ Նարեկ Կարապետյան Մուշեղ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ․ նախաքննությունը երկար կտևի. փաստաբան «Ուղիղ միջամտութուն է քաղաքական գործընթացներին»․ Արամ Վարդևանյան Ֆանյան․ պետության միջամտությունը եկեղեցու ներքին կյանքին ամբողջությամբ ոչ լեգիտիմ գործընթաց է Դատարանի բակից Սամվել Կարապետյանի 3 աջակից է բերման ենթարկվել Թուրքիան Պակիստաում նավթի և բնական գազի որոնման աշխատանքներ կիրականացնի «Խոսելու արգելք կա»․ Տեր Մակար վարդապետ Հակոբյան Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am