Ժողովուրդը տեսել է ոչ միայն ձեր ասած «աշխատանքը», այլև նաև ձեր թողած ամենածանր և ողբերգական հետևանքները. Մելքոնյանը՝ ՔՊ-ին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է. «Վերջին օրերին իշխանական թիմի շիրակցի ներկայացուցիչները սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածում են հետևյալ կարգախոսը՝
«Ընտրեք նրանց, ում աշխատանքը տեսել եք»
Քաղաքացիական պայմանագիր
Եվ այդ գրառման տակ երկար-բարակ ցուցակով ներկայացնում են, թե ինչեր են իբր արել Հայաստանի համար։ Ճանապարհներ, ծրագրեր, բարեփոխումներ, թվեր, խոստումներ, խոստումներ, խոստումներ…..
Բայց այդ ցուցակում կա մի ճակատագրական լռություն։
Նրանք «մոռանում են» նշել իրենց իշխանության տարիների ամենածանր և ողբերգական արդյունքը՝ Արցախի կորուստը։ Մոռանում են ասել, թե ինչպես իրենց հակազգային քաղաքականության հետևանքով հազարավոր ընտանիքներ դարձան տեղահանված, ինչպես մեր ժողովրդի տասնամյակների պայքարով պահպանված Հայրենիքի մի ամբողջ հատված հանձնվեց, ինչպես խարխլվեց պետության անվտանգային համակարգը և արժանապատվությունը։
Պետության կառավարման գնահատականը չի կարող կառուցվել միայն այն փաստերի վրա, որոնք իշխանությունն ինքն է ընտրում ներկայացնելու համար։ Պատմական և քաղաքական պատասխանատվությունը ենթադրում է ամբողջական գնահատական՝ թե՛ հաջողությունների, և թե՛ հատկապես այն ճակատագրական սխալների համար, որոնք փոխեցին պետության ու ժողովրդի ճակատագիրը։
Եթե խոսում եք ձեր աշխատանքի մասին՝ խոսեք ամբողջական։
Խոսեք նաև ձեր ձախողված բանակցությունների, ձեր անպատասխանատու և կեղծ քաղաքականության, ձեր ազգային շահերը զիջելու պատրաստակամության մասին։
Ժողովրդին հնարավոր չէ մշտապես ներկայացնել միայն կիսատ ճշմարտություն։
Քարոզչական գեղեցիկ կարգախոսները չեն կարող ծածկել պատմական ողբերգությունը, որի պատասխանատվությունը կրում է այս իշխանությունը։
Հետևաբար, երբ իշխանությունը կոչ է անում ընտրել նրանց, ում աշխատանքը տեսել է ՀՀ քաղաքացին, ապա պետք է հիշել մեկ կարևոր հանգամանք․ ժողովուրդը տեսել է ոչ միայն ձեր ասած «աշխատանքը», այլև նաև ձեր թողած ամենածանր և ողբերգական հետևանքները։
