Քարակերտում 100 ոչխար ու գառներ են սատկել
Արդեն մի քանի օր է՝ Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրի բնակիչ 38-ամյա Ալբերտ Դավթյանն ու իր ընտանիքի անդամները հայտնվել են անելանելի ու անպաշտպան վիճակում։
Այսօր՝ մարտի 12-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա. Դավթյանն ասում էր.
«Երկար ժամանակ է՝ վարկերով զբաղվում ենք ոչխարաբուծությամբ, առավոտից իրիկուն մեր արդար քրտինքն ենք դնում աշխատանքում, բայց չգիտեմ թե ով, որ կառույցը պետք է այս հարցը լուծի, քանի որ Արմավիրի մարզպետարանից ոչ մի դրական պատասխան չենք ստացել։ Ուրբաթ օրը՝ մարտի 6-ին, ինչ-որ հիվանդություն սկսեց տարածվել ոչխարների հոտում, ինչի պատճառով էլ մոտ 100 գլուխ ոչխար ու գառնուկներ սատկեցին։
Մեծ մասին էլ որ նայում եմ, կարծես հոգեվարքի մեջ լինեն։ Անհանգստանալով, երկուշաբթի օրը՝ մարտի 9-ին, անալիզները տարել եմ լաբորատորիա, մարտի 11-ին լաբորատորիայից ստացվել են պատասխանները, հիվանդությունը նշվել է «թեյլերյոզ»։
Զանգել, հարցրել եմ՝ ինչպես պայքարեմ հիվանդության դեմ, պարզվում է՝ իրենք էլ չգիտեն, թե ինչ կարող եմ անել, որ մնացած անասունները փրկվեն։Թե էդ ինչ հիվանդություն է, ինչ դեղերով պիտի դրա դեմն առնեմ, որ մնացածները չսատկեն, ինչու չէ նաև չտարածվի հիվանդությունը, դա պետք է հուզի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, Արմավիրի մարզպետին, բայց կարծես նրանց չի էլ հետաքրքրում, թե գյուղացին ինչ տանջանք է տանում։ Բա եթե դուք չեք ուզում պարզեք էս հիվանդության պատճառը ու խորհուրդներ չեք տալիս, թե մենք ոնց անենք, էլ մենք ձեզ ոնց հավատանք, երբ ասում եք, թե գյուղացու մեջքին եք կանգնած։ Առաջ լավ էր, գյուղատնտեսության նախարարություն կար, մարզերում գյուղվարչություններ ու բաժիններ ունեին, երբ խնդիր էինք ունենում, դիմում էինք էդ մարդկանց, ինչով հնարավոր էր՝ թե՛ խորհուրդներով, թե՛ ֆինանսական աջակցություն էին ցույց տալիս։ Իսկ հիմա մնացել ենք անօգնական վիճակում»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս գյուղում մի քանի անգամ եղել են գայլերի հարձակման դեպքեր, երբ գյուղացիները միլիոնների վնասներ են կրել ու կառավարությունն ու Արմավիրի մարզպետարանը այդ դեպքերում էլ ոչինչ չեն արել, օգնության ձեռք չեն մեկնել մարդկանց։ Ինչ-որ պաշտոնյաներ եկել են գյուղ, տեսել, նկարահանել են ու այդքանով իրենց գործը համարելով ավարտված գնացել են։ Այս դեպքում ոչ թե գայլերն են հոշոտել, այլ ինչ-որ կասկածելի հիվանդություն ու դրա դեմը Էկոնոմիկայի նախարարությունը պարտավոր է շատ արագ առնել, թե չէ ինչպես գյուղացիներն են նշում՝ չի բացառվում «մակարովի գյուլլի» նման վիրուսը տարածվի հարևան գյուղեր։
