Սևանի «Հարսնաքարի» վերաբերյալ Գլխավոր դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ Դատախազությունը մեկնարկել է Սևանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու աշխատանքները:
Գլխավոր դատախազը նաև տեղեկացրել էր, որ Դատախազության կողմից մի շարք գույքերի վերաբերյալ հայցեր են ներկայացվել դատարան, որոնց թվում էին նաև՝
-«Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրը (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե),
-«Հարսնաքար» հյուրանոցի քոթեջները (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցե),
-Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունը (Սևան քաղաքի Հանգստի գոտի 3-րդ փողոց 38 հասցե):
Վերոնշյալ երեք հայցերն ընդունվել են դատարանի վարույթ:
Հարսնաքար» հյուրանոցի քոթեջների հայցով, որը վերաբերում է «Հարսնաքար» ՍՊԸ-ի և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 2003 թվականի փետրվարի 3-ին կնքված հողատարածքի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու և հողատարածքի վրա կառուցված շենքերն ու շինությունները Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու պահանջին, կիրառվել է հայցի ապահովման միջոց. պատասխանողին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումում նշված շենքերի, շինությունների սեփականատիրոջ փոփոխությանը:
Հիշեցնենք, որ Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ վարձակալության պայմանագրի կնքման որևէ հիմք առկա չի եղել: Մասնավորապես՝ վարձակալության պայմանագրի կնքումից առաջ մրցույթ փաստացի չի անցկացվել, ինչպես նաև բացակայել են Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 36-րդ կետով սահմանված՝ հողատարածքն առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրելու հիմքերը:
Տեղեկացնենք նաև, որ 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 33 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 83 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր:
