Իրանի շուրջ լարվածությունը մեծացնում Է Թուրքիայի տնտեսական ռիսկերը
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Իրանի շուրջ ստեղծված լարվածությունը կտրուկ ազդեցություն է թողել համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Brent» տեսակի նավթի գինը բարձրացել է մինչև մոտ 100–106 դոլար, իսկ պատերազմի առաջին օրերին հասել էր նույնիսկ 114–119 դոլարի։
Լարվածությունը հատկապես զգացվում է Հորմուզի նեղուցում, որով անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների շուրջ մեկ հինգերորդը։ Տանկերների երթևեկության խափանումների վտանգը բարձրացրել է նաև էներգակիրների փոխադրման ծախսերը, իսկ հեղուկացված բնական գազի (LNG) շուկայում գներն արագ աճում են։
Մասնագետների գնահատմամբ՝ նավթի գնի յուրաքանչյուր 10 դոլար աճը կարող է Թուրքիայի ընթացիկ հաշվի դեֆիցիտը մեծացնել մոտ 3 մլրդ դոլարով և բարձրացնել գնաճը։
Միաժամանակ աճում են նաև փոխադրումների ծախսերը։ Մերձավոր Արևելքի երկրների հետ առևտրում ծովային փոխադրումների սակագները որոշ ուղղություններով արդեն աճել են մինչև երեք անգամ։
Տնտեսագետները նշում են, որ եթե էներգակիրների բարձր գները պահպանվեն, ապա դա կարող է նոր ճնշում ստեղծել Թուրքիայի տնտեսության, գնաճի և արտաքին առևտրի վրա։
