Իսրայելն առավելագույն վնաս է հասցնում Իրանին՝ պատերազմը դադարեցնելու Թրամփի հրամանին սպասելու ժամանակ․ Reuters
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երեքշաբթի օրը հայտարարել է, որ թույլ չի տա նավթ արտահանել տարածաշրջանից, քանի դեռ շարունակվում են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները։ Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին հարվածել «քսան անգամ ավելի ուժգին», եթե երկիրն արգելափակի արտահանումը։
Չնայած երկու կողմերի սպառնալիքներին, ներդրողները խաղադրույք են կատարել այն բանի վրա, որ Թրամփը շուտով կդադարեցնի պատերազմը՝ էներգակիրների մատակարարման աննախադեպ խափանումներից բխող համաշխարհային տնտեսական ճգնաժամից խուսափելու համար։ Երկուշաբթի օրը Թրամփը բնութագրել է պատերազմը որպես «առաջանցիկ տեմպերով ընթացող պատերազմ»։ Նախորդ օրը գրանցված նավթի գների աճը գրեթե ամբողջությամբ նվազել է, իսկ Ասիայի և Եվրոպայի ֆոնդային շուկաները սկսել են վերականգնվել։
Թեհրանի բնակիչները Reuters գործակալությանը հայտնել են երեքշաբթի գիշերը տեղի ունեցած «պատերազմի ողջ ընթացքում ամենաինտենսիվ ռմբակոծության» մասին։ «Դա նման էր դժոխքի։ Ռմբակոծում էին ամենուր՝ Թեհրանի յուրաքանչյուր թաղամաս», — պատմել է նրանցից մեկը։
Իսրայելի ծրագրերին ծանոթ աղբյուրը նշել է, որ ՑԱԽԱԼ-ը գործում է՝ ելնելով այն ենթադրությունից, որ Թրամփը ցանկացած պահի կարող է հրամայել դադարեցնել պատերազմը և ձգտում է հնարավորինս շատ վնաս հասցնել Իրանին, քանի դեռ կա այդ հնարավորությունը:
Թրամփը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որը, փորձագետների կարծիքով, հանգստացրել է շուկաները՝ ցույց տալով, որ ԱՄՆ-ն կդադարեցնի ռազմական գործողությունները, հակառակ դեխքում պատերազմը կարող էր հանգեցնել 1970-ականների «նավթային շոկերին» նմանվող ճգնաժամին։
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն իսկ լուրջ վնաս է հասցրել, և հակամարտությունը կավարտվի ավելի շուտ, քան այն չորս շաբաթը, որը նա ի սկզբանե նախատեսել էր։
Պատերազմը փաստացի կանգնեցրել է Հորմուզի նեղուցով իրականացվող մատակարարումները, որով անցնում է համաշխարհային նավթի և հեղուկացված գազի մեկ հինգերորդ մասը։ Արգելափակման պատճառով պահեստարանները գերլցվել են, իսկ արդյունահանումը դադարեցվել է։
Մոջթաբա Խամենեիի՝ որպես նոր Գերագույն առաջնորդ նշանակվելուց հետո նավթի գները կարճ ժամանակով կտրուկ աճ են գրանցել՝ մեկ բարելի համար հասնելով գրեթե 120 դոլարի, սակայն երեքշաբթի առավոտյան Brent տեսակի նավթի գինը իջել է մինչև 92 դոլար, ինչը վկայում է այն մասին, որ թրեյդերները սպասում են արտահանման շուտափույթ վերսկսմանը։
Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան բանակի հզորությունը բավարար է նեղուցով նավթի անցումն ապահովելու համար։ «Եթե Իրանն արգելափակի Հորմուզի նեղուցը, մենք կհարվածենք այնքան ուժգին, որ նրանք կամ նրանց դաշնակիցները երբեք չեն կարողանա վերականգնել այդ տարածաշրջանի նկատմամբ ունեցած վերահսկողությունը», — ասել է նախագահը։
ԻՀՊԿ-ի ներկայացուցիչը պատասխանել է, որ Թեհրանը թույլ չի տա «ոչ մի կաթիլ» նավթ հասնի ԱՄՆ-ին կամ նրա դաշնակիցներին, քանի դեռ շարունակվում են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները։
Նավթի մատակարարումները վերականգնելու համար պատերազմի արագ ավարտը կարող է նշանակել, որ Իրանի ղեկավարությունը կմնա իշխանության գլուխ։ Երկուշաբթի օրը մեծ ցույցեր տեղի ունեցել՝ նոր Գերագույն առաջնորդին աջակցելու համար
Չնայած Թրամփի մաքսիմալիստական պահանջներին, ըստ որի նա պետք է մասնակցի Իրանի առաջնորդի ընտրությանը, ԱՄՆ վարչակազմը հայտարարում է, որ պատերազմի գլխավոր նպատակը Իրանի հրթիռային կարողությունների և միջուկային ծրագրի ոչնչացումն է: Իսրայելն իր հերթին բացահայտորեն հայտարարել է երկրի կրոնական առաջնորդներին տապալելու ձգտման մասին։
