Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լյովա Սարգսյանի նկատմամբ ևս քրեական հետապնդում է հարուցվել՝ Սաշիկ Սարգսյանի գործով
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը՝ Լյովա Սարգսյանը, ևս մեղադրյալի է կարգավիճակում է՝ Ալեքսանդր Սարգսյանին առնչվող վարույթով։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցւոմ հայտնեցին, որ դատախազը Լյովա Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 46֊256֊րդ հոդվածի 3֊րդ մասի 3֊րդ կետով` վստահված գույքը հափշտակելուն դրդել:
«Քանի որ վերջինիս նկատմամբ այլ քրեական վարույթով արդեն իսկ ընտրված է եղել խափանման միջոց և հայտարարված է եղել հետախուզում, ուստի սույն քրեական վարույթի շրջանակում այդ հարցերին անդրադարձ չի կատարվել»,- նշեցին դատախազությունից։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ալեքսանդր ( Սաշիկ) Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ալեքսանդր Սարգսյանին մեղսագրվել է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը։ Ըստ մեղադրանքի՝ 2000 - 2007թթ․ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի եղբայրը հանդիսանալու հանգամանքով պայմանավորված՝ վերջինս 2001 - 2018թթ․ ընկած ժամանակահատվածում իր ազդեցությունն օգտագործելով՝ հիշյալ ժամանակահատվածում պաշտոնավարող ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության վարչության պետերին դրդել է իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական գումարը վատնման եղանակով հափշտակելուն։
