Իրանի գերագույն առաջնորդը ճանաչել է քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը
Իրանի գերագույն առաջնորդը այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ ժողովուրդը իրավունք ունի իր բողոքն արտահայտել բողոքի ակցիաների ընթացքում, սակայն նման ելույթները չպետք է շփոթել բռնության հետ: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է առանձնացնել ժողովրդի անկեղծ եւ օրինական պահանջները ջարդերի հանգեցնող բռնի շարժումներից: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ից Իրանի տարբեր քաղաքներում սկսված փողոցային բողոքի ցույցերի ժամանակ առնվազն 20 մարդ է զոհվել: Բողոքի պատճառը տնտեսական վիճակն էր, կոռուպցիան, բարձր գները եւ գործազրկությունը: Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ բողոքներն առաջացել են երկրի ներքին խնդիրների պատճառով, ինչպես նաեւ հրահրվել են այլ երկրների կողմից:
