Դատարանում դիտել են Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքի վայրի տեսանյութը
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում դատարանում ցուցադրվեց ապացույց հանդիսացող դեպքի վայրի զննության տեսանյութը: Մեղադրյալներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը, NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, դատարանին խնդրել են փոխել իրենց աթոռների դիրքերը, որպեսզի իրենք էլ դիտեն դեպքի վայրի զննության տեսանյութը:
Նշենք, որ այսօրվա դատական նիստում մեղադրող դատախազը մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունեցել սպանությունը։ Նա հայտարարեց, որ Գևորգ Հարությունյանը Վալոդյա Գրիգորյանին, Կարեն Աբրահամյանին, Արծրուն Գալստյանին վրեժի շարժառիթով կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ 2025 թ. սեպտեմբերի 23-ին ժամը 23.43-ին կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ, սպանել Վալոդյա Գրիգորյանին, Կարեն Աբրահամյանին, փորձելով սպանել Արծրուն Գալստյանին։
Նա հիշատակեց, որ 2025–ի փետրվարի 5-ին Մերձավան վիճաբանություն է եղել մի կողմից համայնքի նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի կողմնակիցների՝ այդ թվում Նարեկ Օհանյանի և նրա հարազատ եղբոր Գրիգոր Օհանյանի, իսկ մյուս կողմից Վալոդյա Գրիգորյանի կողմնակիցների, այդ թվում վերջինիս եղբոր՝ Պայքար Գրիգորյանի մասնակցությամբ, որի ժամանակ սպանվել է Նարեկ Օհանյանի եղբայրը՝ Գրիգոր Օհանյանը։
«Այդ սպանության հանգամանքով պայմանավորված վրեժի շարժառիթով, Վալոդյա Գրիգորյանին, Կարեն Աբրահամյանին և Արծրուն Գալստյանին սպանելու դիտավորությամբ, դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել ԱԿ 74 տեսակի ինքնաձիգ՝ առնվազն 28 փամփուշտներով։
2025–ի սեպտեմբերի 23-ին, ժամը 22:30-ի սահմաններում, նախապես իր հետ վերցնելով ինքնաձիգը, Գևորգ Հարությունյանը գնացել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի փողոցի 110 հասցեում գտնվող Վալոդյա Գրիգորյանի նորակառույց տան մոտակայք և մեկից երկու ժամ դարանակալել։
Տեսնելով նորակառույց տնից դուրս եկող Վալոդյա Գրիգորյանին, Կարեն Աբրահամյանին և Արծրուն Գալստյանին, իր դարանակալման հատվածից ժամը 23:43-ին վազելով մոտեցել է նրանց և ինքնաձիգից կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ, ինչի հետևանքով Վալոդյա Գրիգորյանը և Կարեն Աբրահամյանը մահացել են, իսկ Արծրուն Գալստյանը վիրավորվել է։
Նարեկ Օհանյանը օժանդակել է Գևորգ Հարությունյանին՝ նախապես տրամադրել է իր տունը, միջոցներ է ձեռնարկել հանցագործության հետքերը՝ սպորտային կոշիկները, հագուստները, դիմակը, պայուսակն այրելու միջոցով վերացնել, որի համար ձեռք է բերել դյուրավառ հեղուկ և թողել բակում։
Դատական նիստի ընթացքում մեղադրյալներ Նարեկ Օհանյանյանը և Գևորգ Հարությունյանը հայտարարեցին, որ չեն ընդունում առաջադրված մեղադրանքը:
Հիշեցնենք՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է ընկերը՝ քրեական ոստիկանության ծառայող։ Վիրավորում ստացած քաղաքացին՝ Արծրուն Գալստյանը, ծայրահեղ ծանր վիճակ տեղափոխվել էր բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով այժմ երկու մեղադրյալ կա՝ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, նրանք երկուսն էլ կալանքի տակ են։
NEWS.am
