ԱՀԿ-ն կհետաքննի Իսրայելի կողմից Լիբանանում ֆոսֆորային զինամթերք օգտագործելու մասին հաղորդագրությունը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաղորդագրություններ է ստացել Իսրայելի կողմից Լիբանանում հարվածներ հասցնելիս ֆոսֆորային զինամթերք օգտագործելու մասին և կշարունակի հետաքննել իրադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լիբանանում ԱՀԿ ներկայացուցիչ Աբդինասիր Աբուբաքարը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Մենք ստացել ենք այս հաղորդագրությունները։ Մենք կապ ենք հաստատել հիվանդանոցների հետ. այս պահին մենք տեղեկություններ չենք ստացել ֆոսֆորի կամ ավելի վաղ այլ քիմիական նյութերի օգտագործման հետ կապված որևէ վնասվածքի մասին։ Մենք հետաքննում ենք այն և հետևում իրադրությանը այդպիսի մարդկանց հայտնաբերելու նպատակով», – նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Մարտի 6-ին լիբանանյան ռազմական աղբյուրը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել էր, որ իսրայելական օդուժը ֆոսֆոր պարունակող արկեր է օգտագործել Լիբանանի հարավի բնակավայրերին հարվածներ հասցնելիս։
Մարտի 9-ին Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդել է, որ կարողացել է հաստատել Իսրայելի բանակի կողմից ֆոսֆոր պարունակող արկերի օգտագործումը Լիբանանի հարավում։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին, որն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել Լիբանանում։ Երկրում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է շուրջ 400-ի։
