Իրաքի վարչապետը Ռուբիոյին կոչ է արել չօգտագործել երկրի տարածքը հարևանների դեմ
Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա աս-Սուդանին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Իրաքը չպետք է օգտագործվի որպես տարածաշրջանային պատերազմում հարձակումների հարթակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Իրաքի լրատվական գործակալությունը (INA)։
Վարչապետն ընդգծել է «հարևան կամ տարածաշրջանային երկրների դեմ ուղղված որևէ ռազմական գործողության համար Իրաքի օդային, ցամաքային և ջրային տարածքները չօգտագործելու կարևորությունը»։
Նա շեշտել է Իրաքի հանձնառությունը ռազմական գործողություններին չմասնակցելու՝ երկրի իշխանությունների և ժողովրդական, քաղաքական և ազգային ուժերի սկզբունքային դիրքորոշմանը։
Սուդանին մերժել է «երկիրը շարունակվող հակամարտությունների մեջ ներքաշելու ցանկացած փորձ», ինչպես նաև դատապարտել «իր օդային տարածքի խախտումները որևէ մեկի կողմից»։
Վարչապետ աս-Սուդանին հաստատել է Իրաքի հանձնառությունն իր տարածքում գտնվող դիվանագիտական առաքելությունները, դեսպանատները և հյուպատոսությունները պաշտպանելու հարցում, ինչն «Իրաքի զինված ուժերի բոլոր կազմավորումների հիմնական պարտականությունն է»։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և այնտեղ վերջին զարգացումները, ինչպես նաև երկկողմ քննարկումներ են անցկացրել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Հեռախոսազրույցի մասին ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ Ռուբիոն խստորեն դատապարտել է ինչպես Իրանի, այնպես էլ Իրանի հետ կապեր ունեցող աշխարհազորային խմբավորումների հարձակումներն Իրաքում, այդ թվում՝ Իրաքյան Քրդստանում։
