Հրդեհ՝ Թուրքիայի մզկիթներից մեկում
Թուրքիայի Մերսին նահանգի Բոզյազը շրջանի Թեքմեն թաղամասի կենտրոնական մզկիթում վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել։ Տեղացիներն առավոտյան նկատել են, որ ծուխ է դուրս գալիս մզկիթից և զանգահարել են արտակարգ իրավիճակների զանգերի կենտրոն։ Դեպքը մեծ իրարանցում ու խուճապ է առաջացրել տեղի բնակիչների շրջանում, հայտնում է Ermenihaber.am-ը։
Հաղորդվել է, որ հրդեհի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան, այնուամենայնիվ մզկիթը մեծ վնաս է կրել։ Մասնավորապես ամբողջ մզկիթը պատվել է ծխով, վնասվել են մզկիթի գորգերն ու պատերը և իմամի (իսլամում հոգևոր առաջնորդ) սենյակը։
Հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը և նշվել է, որ այն ամենայն հավանականությամբ բռնկվել է էլեկտրական վահանակից։ Այժմ մզկիթը չի գործում, և դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում։
