Վաշինգտոնն այլևս չի թաքցնում՝ պատերազմի առանցքային նպատակներից մեկը իրանական նավթի տնօրինումն է
Քաղաքագետ, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Վաշինգտոնն այլևս չի թաքցնում՝ պատերազմի առանցքային նպատակներից մեկը իրանական նավթի տնօրինումն է:
ԱՄՆ էներգետիկ դոմինանտության ազգային խորհրդի ղեկավար Ջարոդ Ագենի խոսքերով՝ «Վաշինգտոնը փսրձում է ազատել իրանական նավթը ահաբեկիչների ձեռքերից՝ հետագայում անխափան մատակարարումներ իրականացնելու համար, այդ թվում՝ նվազեցնելով ռիսկերը Հորմուզի նեղուցում»:
Ինչպես տեսնում ենք, նպատակադրումը գրեթե նույնն է, ինչ Վենեսուելայում: Մի տարբերությամբ՝ Վենեսուելայում քաղաքական համակարգը կառուցված էր խարիզմատիկ առաջնորդի վրա, Իրանում՝ բարդ ինստիտուցիոնալ համակարգի:
Իրականում Նահանգները միշտ էլ գերզգայուն են եղել իրանական նավթի նկատմամբ: Եվ հենց այդ գերզգայությունը ստիպեց նրանց 1953 թ.-ին Իրանում իրականացնել «Այաքս» օպերացիան՝ ուղղված երկրի վարչապետ Մոհամմադ Մոսադեղին (տե՛ս նկարը) պաշտոնից հեռացմանը: Վերջինս իրականացնում էր իրանական նավթային ռեսուրսների ազգայնացման քաղաքականություն, ինչը ուղիղ ռիսկ էր անգլոսաքսոնական կապիտալի, մասնավորապես «Անգլո-իրանական նավթային ընկերության» համար, որը տնօրինում էր Իրանի ողջ նավթային ոլորտը 20 դ.-ի սկզբից: Մոսադեղի քաղաքականության արդյունքում 1951 թ.-ին խզվեցին դիվանագիտական հարաբերությունները Մեծ Բրիտանիայի ու Իրանի միջև:
«Այաքս» օպերացայի ղեկավարն էր Քերմիթ Ռուզվելտը՝ նախագահ Թեոդոր Ռուզվելտի թոռը և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության Մերձավոր Արևելքի բաժնի ղեկավարը:
Իրականացված օպերացիան իր գործիքակազմով ու մեթոդներով ամբողջությամբ համընկում է ժամանակակից «գունավոր հեղափոխությունների» իրականացման տեխնոլոգիաների հետ՝
– քաղաքական դիսկուրս․ խորհրդարանի անդամների և փոքր քաղաքական կուսակցությունների առաջնորդների կաշառում,
– մեդիա դիսկուրս․ լրատվամիջոցների կաշառում, որի արդյունքում իրանական թերթերի 80%-ը սկսեցին օգտագործվել վարչապետի դեմ հարձակումների համար,
– կրոնական դիսկուրս․ մոլլաներից շատերը սկսեցին վարչապետին պիտակավորել որպես իսլամի թշնամի,
– փողոցի կառավարում․ հատուկ վարձված խմբերը, ջարդելով խանութները և ծեծելով մարդկանց, բղավում էին․ «Մենք սիրում ենք Մոսադդեղին և կոմունիզմը»։
Արդյունքում Մոսադեղը ձերբակալվեց և ռազմական դատարանի կողմից դատապարտվեց երեք տարվա ազատազրկման: Եվ ամենակարևորը՝ արևմտյան կապիտալը ստացավ իրանական նավթային համալիրը: Ամբողջությամբ: Մանավորապես, 1954 թ.-ին կնքվեց միջազգային կոնսորցիումի ստեղծման մասին համաձայնագիր՝ Իրանի նավթի արդյունահանման ու արտահանման նպատակով։
Կոնսորցիումի մաժորիտար սեփականատերերն էին «Անգլո-իրանական նավթային ընկերությունը»(որը նույն 1954-ին վերանվանվեց British Petroleum-ի)` 40% բաժնեմասով և ամերիկյան ընկերությունների հնգյակը (Gulf Oil, Socal, Esso, Socony, Texaco)՝ ևս 40%: 14%-ն անցավ Shell-ին, 6%-ը՝ ֆրանսիական Total-ին:
Այսպիսի դասավորվածությունը պահպանվեց մինչև 1979 թ.-ի իսլամական հեղեփոխություն:
Հաշվի առնելով Իրանում 200 մլրդ բարելը գերազացնող նավթի ապացուցված պաշարները (3-րդ տեղն աշխարհում) ու մյուս կողմից՝ Վաշինգտոնի էներգետիկ էքսպանսիայի ընդլայնվող քաղաքականությունը, պատերազմն ունի շատ հստակ նավթային բնույթ ու տեղավորվում է 20-րդ դարի ռեսուրսային հակամարտությունների ծիրի մեջ»:
