Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները խախտող վարորդին
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 7-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում «Mercedes G» մակնիշի 70 GU 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտել է երթևեկության կանոնները, ավտոմեքենան վարել է հանդիպակաց երթևեկության գոտիներով և վթարային իրավիճակներ ստեղծել մյուս վարորդների համար։
Մեկ ժամվա ընթացքում պարեկները ձեռք են բերում խախտումը հաստատող տեսագրություններ, ապա իրականացնում են «Հայկազ, բեզ ատկազ» օպերացի ու տաք հետքերով հայտնաբերում են օրինախախտ վարորդին, ով ավտոմեքենայով տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևանի 30-ամյա բնակչի անվամբ։
Պարեկային ծառայությունը կրկին հորդորում է վարորդներին, որ զերծ մնան ճանապարհատրանսպորտային խախտումներ անելուց, հակառակ դեպքում հաշված ժամերի ընթացքում օրինախախտները իրենց ավտոմեքենայով կհայտնաբերվեն։
