Իրանը փորձում է անել այնպես, որ այդ «ճանապարհից» օգտվողներ չմնան․ իրանագետ
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդները դիստանցավորվում են քրդական գործոնն Իրանի դեմ օգտագործելու ծրագրից, որովհետև անհանգստացած են ինքնավարության ներսում ավելորդ ռազմաքաղաքական և տնտեսական անկայունության հեռանկարից։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Այն որ այդ ծրագիրը լրջորեն փորձ է կատարվում օգտագործել Իրանի դեմ պատերազմում, ուղղակիորեն փաստվում է նաև ԱՄՆ-ի նախագահ Թրամփի այն անթաքույց հայտարարությամբ, թե ինքը կաջակցի քրդական ուժերին, եթե նրանք ցամաքային գործողություն սկսեն Իրանի դեմ։
Դատելով առկա տեղեկատվությունից՝ երեկ գիշեր և այսօր առավոտյան ամերիկյան և իսրայելական օդային հարվածների մի խոշոր հատված կենտրոնացած է եղել Իրանի Քրդստան նահանգի և դրա կենտրոն Սանանդաջի ուղղությամբ, ինչով փորձ է կատարվում «ճանապարհ հարթել» ցամաքային ներխուժման համար։
Իրանական կողմն իր հերթին հուժկու հարվածներ է հասցրել Իրանից սերող երկու քրդական կուսակցությունների ճամբարներին իրաքյան Քրդստանի տարածքում։ Ըստ այդմ, այն դեպքում, երբ Իրանի հակառակորդները ձգտում են «ճանապարհ» բացել ցամաքային ներխուժման համար, Իրանը փորձում է անել այնպես, որ այդ «ճանապարհից» օգտվողներ չմնան»,-գրել է նա։
