«Պատասխան եք տալու». լարված իրավիճակ Ազատի կացարանում զոված 15 զինծառայողների գործով նիստին
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ հոկտեմբերի 3–ին, ընթանում է Ազատի կացարանում հրդեհի գործով դատաքննությունը, որն անցնում է լարված մթնոլորտում։
Այսօր հարցաքննվեց գործով մեղադրյալ, տվյալ զորամասի հրամանատարի տեղակալ Գոռ Աղեկյանը։ Մեղադրյալը չցանկացավ պատասխանել զոհված զինծառայողների հարազատների հարցերին՝ նշելով, որ իր ցուցմունքում կա բոլոր հարցերի պատասխանները։ Սա զայրացրեց զոհվածների հարազատներին։
Զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորկյանն ասաց, որ միևնույն է այդ հարցերը բարձրացվելու են և վաղ, թե ուշ հանրությունն ակնկալում է ստանալ դրանք։
Զոհված զինծառայողներից մեկի հարազատը հայտարարեց. «Մեզ չտրվեց ոչ մի սպառիչ պատասխան։ Ես առաջարկում եմ և պահանջում եմ, որ հարցաքննության ենթարկվեն Տիգրան Ղազարյանը՝ ծառայության պետը, Տիգրան Մանասարյանը՝ դասակի հրամանատարը, Սերոբ Ասատրյանը՝ վաշտի ավագը, Գոռ Մարգարյան՝ վաշտի հրամանատարը, Ռադիկ Հակոբյանը՝ շտաբի պետը, Շիրազ Խաչատրյանը՝ կորպուսի հրամանատարը, Սարգիս Մազմանյանը և Արգամ Գևորգյանը։ Այդ բոլորը պետք է գան այստեղ ու տան իրենց սպառիչ պատասխանները։
Գոռ Աղեկյանը մեզ ասել է՝ ես ամեն ինչ կբացահայտեմ, կասեմ, բայց հիմա հրաժարվում է ցուցմունք տալուց։ Մենք մեզ ուղղակի խաբված ենք զգում»։
Մեկ այլ զոհված զինծառայողի հայ իր հերթին նշեց. «Մենք համբերատար լսեցինք, որ հետո կարողանանք մեր հարցերը տանք ու դրանց պատասխաններն, ի վերջո, ստանանք։ Դա հարգանք է տվյալ տղերքի ու մեր հանդեպ, Գոռ, որը դու չցուցաբերեցիր։ Խաբեցիք, փափուկ բարձ դրեցիք մեր գլխի տակ։ մենք տեսանք ձեր հարգանքը թե մեր, թե տղերքի հանդեպ»։
«Վաշտի հրամանատարը, փոխգնդապետը, գնդապետը... Պատասխան եք տալու»,- գոռում է զոհված զինծառայողներից մեկի հարազատը։
Իրավիճակը լարվեց, բոլորը գոռում էին, դատավորը փորձում էր հանդարտեցնել իրավիճակը՝ պահանջելով լռություն։ ««Ձեր վրդովմունքն էլ ենք հասկանում, բայց թող լսենք»։
Նշենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2025 թվականի օգոստոսի 21-ին կայացրել է մեղադրական դատավճիռ. մեղադրյալ կրտսեր սերժանտ Ռ.Մ.-ն դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման:
Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռ․Մ․-ն, ով 2023 թվականի հունվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված է եղել վաշտի վերակարգում և որպես վաշտի հերթապահ ծառայություն է իրականացրել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի տեղակայման վայրում, մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ կետով (ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ:
NEWS.am
