«Թուրքիան «հաջորդ Իրան» չի դառնա»․ թուրք ընդդիմադիր գործիչ
Թուրքիայի ընդդիմադիր «Լավ կուսակցության» (İYİ Parti) ղեկավար Մուսավաթ Դերվիշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի դառնա «հաջորդ Իրան»՝ արձագանքելով այն քննարկումներին, թե Իսրայելի հաջորդ թիրախը լինելու է Թուրքիան։ Թուրքիայի խորհրդարանում ելույթ ունեցած Դերվիշօղլուն քննադատել է այն շրջանակներին, որոնք նման սցենարներ են շրջանառում՝ ընդգծելով, որ դա ոչ թե վերլուծություն, այլ որոշ ուժերի ցանկությունն է, փոխանցում է Ermenihaber.am-ը։
«Թուրքիան հաջորդ Իրանը չէ։ Սակայն որոշ շրջանակներ փորձում են այն ներկայացնել որպես հաջորդ Իրան։ Եթե երկիրը կառավարեն իրական հայրենասերները, ապա Թուրքիան երբեք չի վերածվի նոր Իրանի», – հայտարարել է ընդդիմադիր գործիչը։
Դերվիշօղլուն նաև անդրադարձել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Իրանի ապագայի վերաբերյալ որոշումները պետք է ընդունի հենց իրանցի ժողովուրդը։ Նրա խոսքով՝ արտաքին ուժերի կողմից պարտադրված իշխանափոխությունները հաճախ հանգեցնում են անկայունության, ինչպես դա տեղի ունեցավ Իրաքում և Սիրիայում։
Ընդդիմադիր առաջնորդը միաժամանակ նշել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները կարող են մեծացնել տարածաշրջանային լարվածությունը և նոր հակամարտությունների վտանգ ստեղծել։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի համար կարևոր է պահպանել իր աշխարհիկ պետական համակարգը և չընկնել տարածաշրջանային բախումների տրամաբանության մեջ։
Դերվիշօղլուի խոսքով՝ որոշ քաղաքական ուժեր Իսրայելի սպառնալիքի թեման օգտագործում են ներքաղաքական նպատակներով։ Նա պնդել է, որ նման մոտեցումները կարող են վնասել երկրի ժողովրդավարական համակարգին և տարածաշրջանային դիրքին։
