Պատրաստ են նաև Հայկ Մարությանի հետ համագործակցել
Եթե ժողովուրդը կգնա և որևէ ընդիմադիր ուժի կտա 50 պլյուս մեկ, կամ թույլ կտա իր տված ձանով ձևավորել մեծամասնություն, որևէ պայմանավորվածության կարիք չի լինի։ Այս մասին, այսօր՝ մարտի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Անդրադառնալով ՔՊ–ականների հայտարարությանը, որ թույլ չեն տալու «Գյումրի–2» սցենար, Քրիստնե Վարդանյանն ասաց. «Ես ուզում եմ հասկանալ, ՔՊ-ն չի բողոքարկել Գյումրիի ընտրության արդյունքները: Ի՞նչը թույլ չեն տալու: Գյումրիում տեղի է ունեցել հետընտրական համագործակցություն, և իշխանափոխություն է տեղի ունեցել Գյումրիում։ Ի՞նչը թույլ չեն տալու, Գյումրիում ի՞նչ անօրինական բան է տեղի ունեցել, որ թույլ չեն տալու։
Եթե չեք ուզում, որ որևէ ուժ, որևէ ուժի հետ համագործակցի, նրան տվեք այնքան ձայն, որ անհրաժեշտ չլինի համագործակցություն։ Եթե այդքան ձայն որևէ մեկը չունի, բնականաբար պիտի համագործակցի, որ կարողանա կամ իշխանություն ձևավորել, կամ իշխանություն փոփոխի։
Ընդդիմությունը շատ ուղիղ ասում է՝ մենք ուզում ենք փոփոխվի այս իրավիճակը, կամ ընդդիմության ուժերից որևէ մեկին տվեք 50 պլյուս մեկ, եթե ոչ, այո, այդ ուժերը իրար հետ համագործակցելու են, երեք ուժ կլինի, չորս, ես չգիտեմ»։
Ճշտող հարցին, որո՞նք են լինելու այդ ուժերը, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժե՞րը, նա արձագանքեց. «Այդ երեքին դուք ասեցիք։ Ես ասում եմ՝ այն բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնց առաջնային նպատակը իրավիճակի փոփոխությունն է։ Եթե Հայկ Մարությանը կլինի, իր հետ է պետք համագործակցել»։
