Ի՞նչ կապ ունի Ռուբեն Վարդանյանը Ալիևի հարսի շուրջ ծագած սկանդալային պատմությունների հետ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ կապ ունի Ռուբեն Վարդանյանը Ալիևի հարսի շուրջ ծագած սկանդալային պատմությունների հետ…
Այս անհեթեթ թվացող վերնագրի միակ արձագանքը կարող է լինել՝ ի՞նչի մասին եք խոսում առհասարակ։ Պատմեմ համաշխարհային զարգացումներից դուրս, բայց ադրբեջանական հանրային դաշտում մեծ աղմուկ հանած այս պատմությունը։ Մոտ մեկ ամիս է, ինչ ադրբեջանական հանրային դաշտը փոթորկվում է Իլհամ Ալիևի որդու՝ Հեյդար Ալիևի կնոջ շուրջ առաջացած սկանդալի շուրջ։
Այսպես, ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր Մեհման Հուսեյնովը, ով հիմա Ադրբեջանից դուրս է, փաստացի փախչում է ադրբեջանական իշխանություններից, որպեսզի ողջ մնա, մեկ ամիս է, ինչ հրապարակումների շարք է սկսել Ալիևի հարսի մասին։ Նա ամեն տեսանյութում ներկայացնում է լուսանկարներ, տեսանյութեր, գրառումներ (ես դրանց իսկության հետ կապված որևէ դիտարկում անել չեմ կարող, քանի որ չունեմ այդ հնարավորությունները), որոնցում Ալիևի հարսի անցյալն է ներկայացվում։ Վերջինս՝ ըստ Մեհման Հուսեյնովի նյութերի, ուկրաինուհի մարմնավաճառ է եղել։ Նա ոչ թե Գոդ Նիսանովի աղջիկն է, ինչպես ոմանք փորձում են Ադրբեջանում ներկայացնել, այլ ոմն Գոնչարի դուստր է։ Կարճ ասած՝ այդ ամբողջը վերաբերում է այդ աղջկա անցյալին, ապրած-չապրածին, որի շուրջ լուրջ սկանդալ է հասունացել։
Նրանք, ովքեր մի քիչ գիտեն Ադրբեջանը, կհասկանան, որ ընտանիքի անդամի շուրջ այս թեմայի առաջացումը, մեղմ ասած, խնդրահարույց է Ալիևի համար։ Ընդ որում, ադրբեջանական իշխանական մամուլը տևական ժամանակ հենց ռուսական հատուկ ծառայություններին էր մեղադրում Մեհմանի գործունեության համար։ Իրենց մոտ ևս շատ տարածված է ամենուր «ռըսի շպիոն» փնտրելու ձեռագիրը։
Սակայն վերջերս ադրբեջանական իշխանական պրոպագանդայի երևակայությունը անպատկերացնելի սահմանների է հասել․ նրանք այս սկանդալը որոշել են կապել Ռուբեն Վարդանյանի, նրա ընտանիքի ու բարեկամների հետ՝ իբրև գումար է ծախսվում Ալիևների դեմ սա իրագործելու համար։ Պատկերացրեք՝ բանտում, գերության մեջ նստած Ռուբենը, ըստ նրանց, ինչպիսի «օպերացիաներ» է կազմակերպում Ալիևների ընտանիքի դեմ։ Ընդ որում, ռուսական հետք էին տեսել նաև Վաշինգտոնում Ադրբեջանի ղեկավարի դեմ ընդդիմադիրների ակցիաների մեջ։ Այդտեղ ևս «գտել էին» Վարդանյանի ընտանիքի հետքը։ Մի խոսքով, իրենք իրենց երևակայության ձեռքին կրակն են ընկել։
Ադրբեջանի ղեկավարը մի բան չի հասկացել՝ ինքը այնքան է ցավեցրել, բանտարկել, ստորացրել ընդդիմադիրներին, որ նրանցից շատերը այլևս կորցնելու բան չունեն, լցված են անսահման ատելությամբ ու ընդունակ են տարբեր քայլերի։ Ասեմ նաև, որ հենց նույն ընդդիմադիրների և նրանց ընտանիքի անդամների դեմ շատ հաճախ կիրառվել է սեռական կյանքի հետ կապված տեսանյութերի հրապարակման գործելաոճը։ Կարճ ասած՝ Ալիևի վարչակարգի մեթոդները հենց իր ընտանիքի դեմ են ուղղվել։ Ընդ որում, Մեհման Հուսեյնովի ամեն տեսանյութ Ալիևի հարսի և ընտանիքի մասին սկսվում է հետևյալ բառերով․ «ես դեռ ողջ եմ․․․»։
Ամեն դեպքում, սա ևս մեկ դրվագ է հարևան երկրի և այդ երկրի ղեկավարի խոցելիության չափը հասկանալու համար»։
