Մշակույթը մշուշակակույտ չէ․ Բագրատ Սրբազան

Թող զարմանալի չթվա նման որակումը: Ցավոք այսօր մշակույթի անվան ներքո մեր կյանք են թափանցել երևույթներ, չգաղափարներ և սովորույթներ, որոնք քաղաքակրթական մեծ անկման (degradation) պատճառ են դարձել մեր կյանքում` զրկելով մարդուն ինքնաճանաչողությունից, երազանքից, ձգտումից, սկզբունքներից, առաքինության ընկալումից և այլն:
Այս ամենը ես կոչել եմ «ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆ», ըստ որի փորձ է արվում գլխիվայր շրջել արժեքների ընկալումը, որում`
դավաճանը հերոս է, հերոսը` դավաճան,
խեղճը ուժեղն է, ուժեղը` խեղճ,
պարտությունը հաղթանակ է, հաղթանակը` պարտություն,
ստախոսը խելամիտ է, ճշմարտախոսը` պարզամիտ,
ուրացումը հավատարմություն է, հավատարմությունը` ուրացում,
հանձնվելը դիվանագիտություն է, պայքարը` ահաբեկչություն,
ստրկամտությունը խաղաղություն է, ազատամտությունը` պատերազմ,
անպատիվ գոյությունը գովելի է, պատիվ ունենալու ձգտումը` ծաղրելի,
փողը գերնպատակ է, հողը` սակարկելի,
հայրենադավը հայրենասեր է, հայրենասերը` հայրենադավ,
վախկոտը իմաստուն է, իմաստունը` վախկոտ,
անպատկառը քաջ է, քաջը` անպատկառ,
կեղծիքը արդարություն է, արդարությունը` կեղծիք:
Այս ամենը միգուցե հարցեր առաջացնի, թե ի՞նչ առնչություն ունեն այս ամենը մշակույթի հետ, քանի որ մշակույթը արվեստի զանազան ճյուղերն են, գրականությունը, ճարտարապետությունը և այլն:
Վերը նշված ամբողջությունը հետևանքն է կրթադաստիարակչական, մշակութային անկում ապրող իրականության` քայքայվող մշակութային ընկալումը, բարոյագիտական հարաբերականությունը, արժեքների տեղատվությունը և նվազումը պատճառ են ձևափոխվող արժեհամակարգի:
Առանց բովանդակային զարգացման և արդյունքի սոսկ արվեստային մշակույթը կվերածվի մակերեսային ինքնանպատակի` հանգեցնելով «մշակութային մինիմալիզմի»` ձև առանց բովանդակության, սպառում առանց արտադրանք-արդյունքի:

Ա. ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔ Է
ա) Մշակույթը կրթադաստիարակչական առաքելություն է` կոչված ծառայելու մարդուն և նպաստելու ինքնատիպ քաղաքակրթական միջավայրի ձևավորմանը:
բ) «Մշակույթ» եզրը Աստվածաշնչյան է, որ նշանակում է մշակել, հոգ տանել, պահպանել, ինչպես նաև պաշտամունք մատուցել: Հատկանշական է, որ Աստված, Ինքն իսկ «մշակելով հողը», ստեղծեց մարդուն և դրեց Եդեմի պարտեզում, որպեսզի մարդը «մշակի և պահպանի այն» (Ծննդ. Բ 15):
գ) Նախնական իմաստով «մշակույթ» եզրը կապված է հողագործության հետ` հետագայում ընկալվելով որպես հոգևոր դրսևորում:
դ) Մշակույթը սերունդների ստեղծած հավաքական բարիքն ու ժառանգությունն է` հոգևոր և նյութական արժեքների և փորձառությունների միավորը, գաղափարների, ավանդված օրինակների և խորհրդանիշների բովանդակությունն է, որոնք կարևոր ազդակներ են մարդու վարքագծի ձևավորման գործում:
ե) Մշակույթը իմաստի ու արժեքի աշխարհն է` կոչված ծառայելու մարդկությանը:

Բ. ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՀԱՎԱՏՔ
ա) Ընդհանրական գնահատմամբ, մշակույթը շոշափում է մարդկային կյանքի բոլոր եզրաշերտերը` նույնացվելով քաղաքակրթության հետ` որպես գիտելիքների, հավատալիքների, արվեստի, բարոյագիտության, իրավունքի, սովորույթների և սովորությունների մի բաղադրյալ ամբողջություն:
բ) Մշակույթը, խորքային իմաստով, հոգևոր արժեք է: Այն գեղեցիկի մասին է, որ մարդուն հիշեցնում է իր Աստվածնմանության մասին:
գ) Ոչ մի այլ արարած կոչված չէ երկիրը մշակելու` մշակույթի միջոցով աշխարհը վերափոխելու: Դա մարդու կոչումն է, որով էլ մարդը դառնում է Աստծո գործակիցը աշխարհի կարգավորման գործընթացում:
դ) Մարդը տերն ու պահապանն է աշխարհի հոգևոր գանձերի, արժեքների և արարչագործության խոնարհության և ծառայության մշակույթի միջոցով:
ե) Մշակույթի բարձրագույն և կարևորագույն նպատակը մարդու` Աստծո զոհասեղան լինելու հանգամանքն է` որպես Ամենաբարձրյալին փառաբանության միջոց: Այսու, մշակույթի համար հավասարապես սպառնալիք են թե’ մարդու հրեշտակացում-պաշտամունքը, և թե’ նրա կենցաղային, սոսկ կենսաբանական մակարդակի իջեցումը:
զ) Մշակույթն` իր նյութական արտահայտությամբ հանդերձ, իր բովանդակությամբ հոգևոր անդրանցական է:
է) Մշակույթի այս հոգևոր անդրանցական չափանիշի բացահայտողը հավատքն է` Աստծու և մարդու հարաբերության, Արարչի և արարածի հանդիպման հանգրվանը, որը և մշակույթի առանցքն է և նպատակը:
ը) Հետևաբար, պետք է զգուշանալ նաև մշակույթի աստվածացումից և պաշտամունքից, մշակույթը կրոնի կամ կրոնի փոխնակի վերածելուց` մերժելով նյութի պաշտամունքայնությունը, ինչպես նաև արժեքի նվազեցումը:

Գ. ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՍՏԵՂԾ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ա) Անժխտելի և անուրանալի է Հայ Եկեղեցու բացառիկ մշակութաստեղծ դերակատարությունը` իր հոգևոր-քարոզչական էությանը և առաքելությանը զուգահեռ:
բ) Հայ Եկեղեցին հայ ինքնության բացառիկ կրողն է և, միևնույն ժամանակ, հայ ինքնության ինքնարտահայտման, ինքնաճանաչողության միջավայրը`
ա. Հայոց ոսկեղենիկ լեզվի ստեղծմամբ և զարգացմամբ,
բ. կրթական-գիտական հարուստ ավանդությամբ,
գ. արվեստի զանազան ճյուղերի ստեղծմամբ և զարգացմամբ,
դ. հարուստ գրականության և մատյանների ստեղծմամբ,
ե. ինքնատիպ ճարտարապետության` եկեղեցիների ստեղծմամբ,
զ. ուրույն և հարազատ երաժշտության և երաժշտական ավանդության ստեղծմամբ,
է. տոների և հիշատակների անխափան և շարունակական իրականացմամբ,
ը. այլ ժողովուրդների ավանդությունների և մշակութային նվաճումների ընդունմամբ և ներմշակութայնացմամբ:
գ) Հայ Եկեղեցին իրավատերն է`
ա. նախաքրիստոնեական շրջանի մշակույթի` որպես հայ ժողովրդի զարգացման պատմական փուլերից մեկը, ներմշակութայնացնելով ու հարազատ բովանդակություն և իմաստ հաղորդելով,
բ. ամբողջ մշակութային ժառանգության` Հայաստանում և այլուր,
գ. ցեղասպանության և հայրենազրկման հետևանքով իր Հայրենիքում գերության կարգավիճակում գտնվող բոլոր հոգևոր-մշակութային արժեքների:

Դ. ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ
ա) Հայաստանի և հայության` աշխարհին ներկայանալու հիմնական այցեքարտերից մեկը, եթե ոչ առաջնայինը, հայոց մշակույթն ու ժառանգությունն է:
բ) Ցավալի և անընդունելի իրականություն է մշակույթի առանձին նախարարության չգոյությունը: Հետևաբար, պետության պարտավորությունն է` անհրաժեշտաբար.
ա. վերստեղծել Մշակույթի նախարարությունը և առանձնահատուկ կարգավիճակ շնորհել,
բ. հստակ մշակութային ռազմավարություն և քաղաքականություն մշակել թե’ Հայաստանի, և թե’ սփյուռքի համար
գ. հատուկ հոգածություն ցուցաբերել խոնարհված եկեղեցիների և բազմահազար խաչքարերի նկատմամբ,
դ. մասնակցել կրթական գործընթացներին,
ե. միջազգային հարթակներում խրախուսել զանազան արվեստագետների և կազմակերպությունների մասնակցությունը,
զ. վերահսկել նոր քաղաքաշինական ծրագրերը` համապատասխան տվյալ տարածքին և միաջավայրային մշակութային առանձնահատկություններին,
է. զարգացնել և ստեղծել նոր ենթակառուցվածքներ գործող վանքերի և եկեղեցիների շուրջ` պետական և մասնավոր համապատասխան կառույցների հետ համագործակցությամբ,
ը. ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով նպաստել հայության իրական ճանաչողությանը համաշխարհային հարթակներում և հանրային կյանքում,
թ. նոր ֆիլմերի և հեռուստասերիալների ստեղծում` հանրամատչելի և ներշնչող բովանդակությամբ, հայ ժողովրդի անցած ուղու և հերողների մասին,
ժ. սերտորեն համագործակցել ԶԼՄ-ների, հատկապես հեռուստատեսության հետ,
ժա. ԶԼՄ-ների, սոցցանցերի և հեռուստատեսության միջոցով մատակարարել այնպիսի կրթադաստիարակչական նյութեր, որոնք սեր կսերմանեն հոգևոր-ազգային արժեքների, հայրենիքի, լեզվի, մշակույթի, ընտանիքի, կրթության, գիտելիքի, հարգանքի և արժանապատվության հանդեպ,
ժբ. խստորեն վերահսկել և տուրք չտալ մշակույթի զանազան ոլորտներում բացասական կերպարների և նրանց վարքագծի զանգվածային գովազդումին, ստելության և բռնության քարոզին և այլ խոտելի երևույթներին,
ժգ. հետևողական լինել` կանխարգելելու ապաքրիստոնեական, ապաբարոյական և ապամշակութային անդրադարձների տարածումը,
ժդ. ապակենտրոնացնել մայրաքաղաքում խճողված մշակութային գործունեությունը` այն տարածելով մարզերում, գյուղական շրջաններում հավասարապես` ապահովելով վարպետներով և բարձր որակի մասնագետներով,
ժե. հստակ ուշադրություն ցուցաբերել ԶԼՄ-ներում և հասարակական շերտերում կիրառվող հայոց լեզվի նկատմամբ, խստորեն դատապարտել արձանագրված անխնամ վերաբերմունքը և խրախուսել այն ծրագրերն ու հաղորդաշարերը, որոնք նպաստում են նրա անաղարտության պահպանմանն ու զարգացմանը,
ժզ. քաջալերել և աջակցել հատկապես երիտասարդներին` մասնակցելու միջազգային մշակութային զանազան մրցույթների և փառատոնների,
ժէ. Սփյուռքի համայնքների հետ համագործակցաբար աշխարհի տարբեր կենտրոններում կազմակերպել ցուցահանդեսներ և զանգվածային միջոցառումներ, որոնք կամրացնեն թե’ սփյուռքի մեր հայրենակիցների ինքնության գիտակցությունը, և թե’ ճիշտ կերպով կներկայացնեն Հայաստանը և հայությանը` առավել ճանաչելի դարձնելով աշխարհում,
ժը. ՀՀ դեսպանատներում պարտադիր սահմանել մշակութային կցորդի հաստիքը, որը կհամակարգի և կիրականացնի մշակութային ծրագրերը թե’ տվյալ համայնքի, և թե’ տվյալ երկրի համապատասխան կառույցների հետ համագործակցությամբ և մասնակից կլինի այդ երկրի մշակութային գործընթացներին:

Ե. ԱՄՓՈՓՈՒՄ
Ժամանակակից աշխարհի մարտահրավերները զանազան տարբեր գրավիչ գաղափարների ներքո` ժողովրդավարություն, ազատականություն, մարդու իրավունքներ, միտված են ինքնության ոչնչացմանը` ծառայելով մշակութային համահարթեցմանը, որտեղ նյութը գերնպատակ և վերջնանպատակ է:
Համահարթեցումը (globalization) իր բովանդակությամբ «հին աշխարհի» նոր աստիճանի պատերազմն է ազգային դիմագծին, ինքնության առանձնահատկությանը, հոգևոր բարձր արժեքներին` ըստ էության մարդուն զրկելով մարդ լինելու որակից և Աստվածնմանության վերհուշից:
Հետևաբար, մարդկային երջանկությունը սահմանափակվում է սպառողականությամբ, ժամանցով, հարաբերականությամբ (relativizm) և արժեքների նվազմամբ (reductionizm), երբ մոռացված են երազներն ու իղձերը, ձգտումներն ու տեսիլքները, սխրանքներն ու հերոսությունները:
Այսպիսի մարտահրավերների դիմաց կենսական անհրաժեշտություն է պետության ծանրակշիռ և առաջնային ներդրումը մշակույթի` ԻՍԿԱՏԻՊ մշակույթի զարգացման և տարածման գործում, ինչպես նաև նոր սերնդի մեջ հատապես սեփական ինքնության և հարազատ մշակույթի նկատմամբ սեր արթնացնելու վեհ և բարձր գաղափարների նկատմամբ և’ որպես ներշնչում, և’ որպես վարքագիծ. «Մի’ ատիր աշխատանքի տքնությունը և ոչ էլ այն մշակությունը, որ հաստատվել է Բարձրյալի կողմից» (Սիրաք Է:16), «Մի’ փոփոխիր հավիտենական սահմանները, որ քո հայրերը դրեցին» (Առակ. ԻԲ:28)
Շարունակելի…

Բագրատ արք. Գալստանյան
Հայրենիքի կալանավոր
23.02.2026

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Պուտինը վերջին շանսն է տվել Թրամփին (video) 1 մլն 200 հազար հայ վերադառնալու է Ադրբեջան․․․ չփորձե՛ք կեղծել․ Ժասմինա Ղևոնդյան (video) Նիկոլն ուղիղ ասել է՝ Տիգրանաշենը հանձնելու է․ Իշխան Սաղաթելյան (video) Ինքը որպես վարչապետ չկա․ Ապարանի բնակիչ (video) Իրանը չի՛ հանդուրժի «Զանգեզուրի միջանցք» ասվածը․․․ ի՞նչ է զգուշացնում ՀՀ-ում՝ Իրանի դեսպանը (video) «Հայաստանում կտրուկ գործողություններ են լինելու, դեռ սպասեք»․ Հայկ Այվազյան (video) «Մեղավոր ենք, որ վախտին ընտրեցինք նման ոչնչության ու բերեց հասցրեց էս օրվան»․ Հարցում (video) Ինչու՞ Աննա Հակոբյանը փախավ Նիկոլից․ Հայկ Նահապետյան (video) Եթե Իրանում սկսվի քաոս, Հայաստանում խայտառակ վիճակ է տիրելու․ Իշխան Սաղաթելյան (video) «Իրանն Ալիևին զգուշացրել է՝ պաշտոնից կհեռացվի՛, եթե…»․ Հայկ Այվազյան (video) «Նիկո՛լ, էդ կուկուռուզն ու պեռաշկին խժռելուց առաջ, լա՛վ հիշիր»․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրանի տարբեր նահանգներում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով տասնյակ քաղաքացիներ են զոհվել Ֆրանսիան հայտարարել է, որ Իրանի դեմ հարձակումները պետք է նախապես քննարկվեին ՄԱԿ-ում Հլը էս խայտառակ փոսերը նայեք․․․ Գագիկ Շամշյան (video) Գերմանիան ակտիվորեն չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին. Վադեֆուլ «Նիկո՛լ, ինչքան ընտրակաշառք ուզում ես տուր, մեկ է գնալու ես, չի ստացվելու». Արա Վարդանյան (video) Թուրքիան հերքել է Ինջիրլիքի ռազմաբազայի վրա հարձակման մասին լուրերը ԻՀՊԿ-ն քրդերին նախազգուշացրել է չմիջամտել հակամարտությանը Ընդդիմադիր որոշ շրջանակների քաղաքական դիսկուրսի պարադոքսը պարզապես ապշեցնում է․ Աշոտյան Լիբանանում փակվել են բոլոր կրթական հաստատությունները Վե՛րջ, կարմիր գծեր այլևս չկան․ սա պատերազմ է Իրանի լինել-չլինելու․ ՀՀ-ում՝ Իրանի դեսպան (video) ԱՄՆ-ն հարձակում է իրականացրել, Իրանն ուղիղ հարվածների իրավունք ունի այլևս․․․ ՀՀ-ում՝ Իրանի դեսպան (video) Իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու վերաբերյալ տեղեկություններ չկան. Գրոսի Ռուսաստանը «կալցոն» քաշելու է, վերջը մոտ է․ Հայկ Այվազյան (video) Թենիսիստ Կարեն Խաչանովը մնացել է Դուբայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am