ԱՄԷ-ն փակում է իր դեսպանությունը Իրանում և հետ է կանչում դեսպանին
Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է Թեհրանում իր դեսպանության փակման, Իրանի Իսլամական Հանրապետությունից իր դեսպանի և դիվանագիտական առաքելության բոլոր անդամների հետկանչի մասին՝ Իրանի կողմից իրականացված հրթիռային հարձակումների ֆոնին, որոնք թիրախավորել են պետության տարածքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից։
«Դրանք համարվում են ագրեսիվ հարձակումներ, որոնք ուղղված են եղել քաղաքացիական օբյեկտների դեմ, այդ թվում՝ բնակելի շրջանների, օդանավակայանների, նավահանգիստների և սպասարկող ենթակառուցվածքների՝ վտանգի ենթարկելով քաղաքացիական անձանց և հանդիսանալով լուրջ և անպատասխանատու սրում, որը կոպտորեն խախտում է ազգային ինքնիշխանությունը, ինչպես նաև ակնհայտորեն հակասում միջազգային իրավունքին և Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը։ Արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ այս որոշումն արտացոլում է ԱՄԷ-ի հաստատուն և վճռական դիրքորոշումն ընդդեմ ցանկացած հարձակման, որը սպառնում է երկրի անվտանգությանը և ինքնիշխանությանը։ Այն ընդունվել է շարունակվող թշնամական և սադրիչ գործողությունների պայմաններում, որոնք խաթարում են լարվածության նվազեցման ջանքերը և տարածաշրջանը մղում ծայրահեղ վտանգավոր զարգացումների ուղղությամբ՝ սպառնալով տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև էներգետիկ անվտանգությանը և համաշխարհային տնտեսության կայունությանը»,- ասված հաղորդագրության մեջ։
