Շարունակելու ենք քաղաքական ուղեգիծը՝ Արցախի ժողովրդի հայրենի բնակավայրեր վերադարձի ուղղությամբ
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունների հայտարարությունը․
«Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ
1988 թվականի փետրվարի 27–29-ին Ադրբեջանի ԽՍՀ Սումգայիթ քաղաքում կազմակերպվեցին և իրականացվեցին հայ բնակչության զանգվածային ջարդեր։
Ազգային պատկանելության հիմքով հայերը ենթարկվեցին էթնոցիդի՝ սպանությունների, բռնությունների, խոշտանգումների և բռնի տեղահանության։ Սումգայիթում տեղի ունեցած հանցագործությունները կրել են կազմակերպված և նպատակային բնույթ։ Դրանք դարձան հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող համակարգված քաղաքականության սկիզբը, որը հետագայում արձագանքվեց Կիրովաբադում` 1989թ. և Բաքվում` 1990թ.Ադրբեջանի մյուս հայաշատ բնակավայրերում իրականացված բռնություններով, Մարաղայի` 1992թ.խաղաղ բնակչության կոտորածով և Ադրբեջանի տարածքում հայ բնակչության ամբողջական տեղահանությամբ։
Սումգայիթի հանցագործությունների նկատմամբ պատշաճ իրավական գնահատականի և պատասխանատվության բացակայությունը ձևավորեց անպատժելիության վտանգավոր մթնոլորտ։ Այդ նույն քաղաքականությունն իր նոր դրսևորումը ստացավ Արցախի Հանրապետության դեմ քանիցս սանձազերծված ռազմական ագրեսիաների ընթացքում, որոնք ուղեկցվեցին պատերազմական հանցագործություններով, բնակչության նկատմամբ բռնություններով, համատարած շրջափակմամբ և 2023 թվականին Արցախի հայ բնակչության ամբողջական բռնի տեղահանությամբ։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը`
– խստորեն դատապարտում են ազգային պատկանելության հիմքով իրականացված բռնությունները և հայատյացության պետական խրախուսումը,
– արձանագրում են, որ հայերի նկատմամբ իրականացված զանգվածային բռնությունները, իրենց բնույթով և հետևանքներով, համապատասխանում են միջազգային իրավունքի շրջանակներում սահմանված ծանրագույն հանցագործությունների հատկանիշներին,
– վերահաստատում են, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ և խաթարում տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը,
– կոչ են անում միջազգային հանրությանը և համապատասխան իրավական ու քաղաքական ինստիտուտներին տալ համարժեք իրավաքաղաքական գնահատական՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային հանցագործություններին և ապահովել դրանց կազմակերպիչների ու կատարողների պատասխանատվությունը։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը հայտարարում են, որ շարունակելու են հետևողական քաղաքական ուղեգիծ վարել ՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, հայրենի բնակավայրեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի և ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման ուղղությամբ։
Սումգայիթի զոհերի հիշատակը մեզ պարտավորեցնում է հետևողական լինել արդարության վերականգնման և նմանատիպ հանցագործությունների կրկնությունը բացառելու հարցերում։
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական Հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
28 փետրվարի, 2026թ»։
