Իշխանությունները «զենք գտնելու» օպերացիա են սկսել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, իշխանությունը խուճապի մեջ է այն փաստից, որ քրեածին իրավիճակը երկրում չի բարեկավվում: Հատկապես Աջափնյակի արյունալի միջադեպից հետո քննարկել ու հասկացել են, որ եւս մի նման միջադեպ, եւ ոչ մի հույս չեն կարող ունենալ, որ Երեւանից քվե կստանան, ուստի հանձնարարել են պատկան կառույցներին, եւ հատկապես ներքին գործերի նախարարությունը եռանդով անցել է գործի։ Ոստիկանությունից հատ-հատ զանգում են օրինական զենք ունեցողներին, հարցուփորձ անում՝ որտեղ է իրենց զենքը, կիրառո՞ւմ են այն, եւ այլ հարցեր են տալիս։
Ի դեպ, նաեւ պարեկային ծառայության աշխատողներն են վերջին օրերին ռեյդեր անում` ստուգում են մեքենաների ներսն ու դուրսը, ինչը եւս «զենք գտնելու» օպերացիայի շրջանակներում է իրականացվում։ Ներքին գործերի նախարարությունից, ըստ էության, հաստատեցին մեր տեղեկությունը․ «Սահմանված կարգով, ոստիկանների պարտականությունն է՝ հաշվառված զենքերի նկատմամբ հսկողության իրականացումը։ Դա մշտական աշխատանք է»։
