Երբեք մի ասա` երբեք. Մխիթարյանը պատասխանել է կարիերան ավարտելու և ապագայի վերաբերյալ հարցերին
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հյուրընկալվելով Միլանի Բոկոնիի հեղինակավոր համալսարանում, ուսանողների հետ հանդիպման ժամանակ անկեղծացել է իր ֆուտբոլային ճանապարհի, ցավալի պարտություններից հետո ոտքի կանգնելու կարողության և ակտիվ սպորտից հեռանալուց հետո իր ապագա ծրագրերի մասին: Այս մասին գրում է armsport.am-ը:
Ծանր պարտությունների և Չեմպիոնների լիգայից դուրս մնալու մասին
Խոսելով ֆուտբոլային անհաջողությունների, մասնավորապես՝ եվրագավաթներից և Չեմպիոնների լիգայից դուրս մնալու հոգեբանական ազդեցության մասին, Մխիթարյանն ընդգծել է, որ սպորտում ամենակարևորը չհանձնվելն ու առաջ շարժվելն է.
«Անցյալ տարի մենք ընդամենը երկու շաբաթվա ընթացքում երեք տիտղոս նվաճելու հնարավորություն ունեինք, սակայն բաց թողեցինք բոլոր հնարավորությունները։ Բնականաբար, մենք ցանկանում էինք նվաճել գոնե մեկը։ Սա ֆուտբոլ է, և նման սցենար ոչ ոք չէր սպասում։ Սակայն այդ մեծ հիասթափությունից անմիջապես հետո մենք մեր մեջ ուժ գտանք հաջորդ օրն իսկապես արթնանալու և անցնելու աշխատանքի։ Նույն կերպ էր նաև «Բուդյո-Գլիմտից» կրած պարտությունից հետո. ապրեցինք խորը հիասթափություն, բայց ժամեր անց արդեն մարզվում էինք՝ գիտակցելով, որ ունենք այլ նպատակներ։ Հենց հաջորդ նպատակի առկայությունն է քեզ ուժ տալիս. երբեք չպետք է կանգ առնել»:
Կարիերայի ներկայիս փուլի և տարիքի մասին
Անդրադառնալով իր ներկայիս մարզավիճակին՝ 37-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ դեռ վաղ է համարում խաղակոշիկները մեխից կախելը.
«Ես դեռ մտադիր եմ խաղալ և անգամ չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին։ Իհարկե, ես 37 տարեկան եմ, և այժմ պետք է շատ ավելի ճիշտ կառավարել մարմինը. ես այլևս 20 կամ 22 տարեկան չեմ։ Սակայն ես փորձում եմ տալ իմ առավելագույնը, որպեսզի հնարավորինս երկար մնամ խաղադաշտում և հետագայում ոչ մի բանի համար չափսոսամ»:
Նա նաև հիշել է, թե ինչպես է Դորտմունդում Թոմաս Տուխելի խորհուրդը ժամանակին օգնել իրեն փոխել մտածելակերպն ու ավելի հանգիստ մոտենալ կարևոր հանդիպումներին՝ հասկանալով, որ լարվածությունը խանգարում է բացահայտել սեփական ներուժը:
Ֆուտբոլից հետո սպասվող ապագայի և անելիքների մասին
Թե ինչ է անելու Հենրիխն ակտիվ սպորտից հեռանալուց հետո, հայ ֆուտբոլիստը խոստովանել է, որ դեռ հստակ որոշում չի կայացրել և ցանկանում է պարզապես վայելել ներկան.
«Ի՞նչ եմ անելու ապագայում։ Փորձում եմ ապրել ներկա օրով, հաճույք ստանալ նրանից, ինչ անում եմ հիմա՝ վայելելով և՛ մարզումները, և՛ խաղերը։ Ֆուտբոլից հետո անելիքներիս հարցում դեռ որոշում չունեմ։ Գուցե մեկ տարի պարզապես ոչինչ չանեմ և լիարժեք հանգստանամ, իսկ հետո նոր կմտածեմ՝ կախված նաև այն առաջարկներից, որոնք կստանամ։
Ինչ վերաբերում է մարզչական աշխատանքին, ապա ինձ այդ դերում քիչ եմ պատկերացնում։ Դա պահանջում է ահռելի ժամանակ անցկացնել մարզաբազայում, մանրամասն պլանավորել պարապմունքները և, որ ամենաբարդն է, փորձել գոհացնել բոլոր ֆուտբոլիստներին՝ և՛ նրանց, ովքեր խաղում են, և՛ նրանց, ովքեր մնում են պահեստայինների նստարանին։ Առայժմ ինձ մարզչի կարգավիճակում չեմ տեսնում, բայց սպորտում, ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք»։
