Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ ռшզմական գործողության ավարտի մասին
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Պակիստանի դեմ ռազմական գործողության ավարտի մասին, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
Ուրբաթ գիշերը Աֆղանստանի զինված ուժերը հայտարարել էին, որ ի պատասխան Պակիստանի կողմից իրականացված ռմբակոծությունների՝ լայնամասշտաբ հարձակողական ռազմական գործողություններ են սկսել պակիստանյան ուժերի կենտրոնների և օբյեկտների դեմ՝ երկրները սահմանազատող Դյուրանդի գծի երկայնքով։
«Կեսգիշերին, Իսլամական Էմիրության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ուղղակի հրամանով, ռազմական գործողությունը հաջողությամբ ավարտվել է»,- ասված է պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ։
Ասվում է, որ Աֆղանստանը գիշերը հասցրել է վճռական հարվածներ՝ պատասխանելով աֆղանական տարածքի դեմ պակիստանյան ռազմական վարչակարգի հանդուգն ագրեսիային, որը հանգեցրել է անմեղ կանանց և երեխաների մահվան։
«Ուղիղ ժամը 20:00-ին մեր ուժերը հարված են հասցրել պակիստանյան ռազմական հենակետերին Դյուրանդի գծի երկայնքով՝ արևելյան և հարավարևելյան նահանգներում, ներառյալ՝ Պակտիկան, Պակտիան, Խոստը, Նանգարհարը, Կունարը և Նուրիստանը»,- հստակեցվում է հայտարարության մեջ։
Աֆղանական ռազմական գերատեսչության տվյալներով՝ իրականացված գործողության արդյունքում հակառակորդի կորուստները կազմել են 55 սպանված։ Գրավվել է երկու ռազմաբազա և 19 ռազմական հենակետ։ Ասվում է, որ չորս անցակետ լքվել է թշնամու կողմից, որը սարսափահար փախուստի է դիմել։
Առգրավվել են տասնյակ միավոր թեթև և ծանր սպառազինություն, զինամթերքի և ռազմական հանդերձանքի խոշոր պահեստ։ Ոչնչացվել է թշնամու մեկ տանկ, զավթվել է մեկ խոշոր ռազմական տրանսպորտային մեքենա,- ասված է հայտարարության մեջ։
Հաղորդվում է նաև, որ պակիստանցի զինծառայողների մի քանի դիեր տեղափոխվել են Աֆղանստան, հակառակորդի մի քանի զինվորներ գերի են վերցվել ողջ վիճակում, իսկ շատերը փախել են։
Նշվում է, որ աֆղանական կողմը ևս կորուստներ է կրել. զոհվել է ութ զինվորական, 13-ը ստացել են վիրավորումներ։ Բացի այդ, Աֆղանստանի 13 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, տուժել են Նանգարհարում փախստականների ճամբարի ուղղությամբ հակառակորդի հրթիռակոծության հետևանքով։
Պաշտպանության նախարարության հրամանատարությունը նշում է, որ բոլոր օպերատիվ նպատակները նվաճվել են ճշգրտությամբ և արիությամբ։ Գերատեսչությունն ընդգծում է, որ աֆղանական տարածքի ցանկացած խախտում կարժանանա կրակի, պողպատի և վրեժխնդրության։
