Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վարչական և ժողովական համակարգը բնութագրվում է պատմականորեն ձևավորված համադրական կառուցվածքով, որում, ժողովի տեսակից կախված, ներգրավված են թե՛ հոգևորականներ, թե՛ աշխարհականներ։ Եկեղեցու ներքին կյանքի կարգավորումը և հավատացյալ–Եկեղեցի հարաբերության կանոնակարգումն իրականացվում են ժողովրդավարական և ժողովական մարմինների միջոցով՝ հիմնվելով սրբազան ավանդության, եկեղեցական կանոնների և պատմական փորձառության վրա․ «Հայաստանյայց Եկեղեցին որդեգրել է եկեղեցական կյանքի ղեկավարման ժողորդավարական սկզբունքները և ժողովական դրությունը» (Կանոնադրություն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու)։

Պատմության մեջ, սակայն, արձանագրված են դեպքեր, երբ օգտվելով վերոնշյալ դրույթից՝ փորձ է արվել սահմանափակելու և ոտնահարելու Հայոց կաթողիկոսների կանոնական և ավանդությամբ սրբագործված իշխանությունն ու իրավունքները։

Եկեղեցական շրջանակում, ինչպես նաև հայագիտության մեջ տարածված է այն տեսակետը, որ Սուրբ Էջմիածնում Սինոդը ստեղծվել է 1836 թ․ հաստատված «Պոլոժենիե»-ով։ Այնինչ՝ Սուրբ Էջմիածնում Սինոդ ձևավորելու գաղափարն առաջին անգամ 18-րդ դարավերջին շրջանառել է Կ․ Պոլսի Հայոց պատրիարքության ավագանին՝ որպես պատրվակ ներկայացնելով Ղուկաս Կարնեցու կաթողիկոսական ընտրությունը (Մաղաքիա արք․ Օրմանեան, Ազգապատում, հտ․ Բ, 2286)։ Սինոդ ունենալու գաղափարի գլխավոր ջատագովը եղել է Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Զաքարիա Կաղզվանցին, որն իրեն էր համարում կաթողիկոս դառնալուն արժանի՝ արդյունավորությամբ և արժանիքներով իրեն վեր դասելով Մայր Աթոռի բոլոր եպիսկոպոսներից․ «Բայց ազգայիններէն աւելի էր Զաքարիայի զայրոյթը, ոչ թէ լոկ իր աթոռին պատիւը պաշտպանելու տեսակէտէն, այլ աւելի իր անձնական զգացումին վիրաւորուելուն համար, որովհետեւ իրեն իրաւունքը կը կարծէր կաթողիկոսական աթոռին յաջորդութիւնը, եւ զինքն Ղուկասէ եւ բոլոր Մայրաթոռոյ եպիսկոպոսներէն վեր կը դասէր արդիւնաւորութեամբ եւ արժանաւորութեամբ» (Մաղաքիա արք․ Օրմանեան, Ազգապատում, հտ․ Բ, 2251)։

Հետագայում, ըստ պահպանված վավերագրերի, Սուրբ Էջմիածնում Սինոդը հաստատվել է Դանիել Սուրմառեցի կաթողիկոսի 1806 թ․ հուլիսի 10 կոնդակով (Մաղաքիա արք․ Օրմանեան, Ազգապատում, հտ․ Բ, 2287), որով Սինոդի «իշխանութիւնը պիտի տարածուի, կանոնական եւ դատական բարեկարգական եւ մատակարարական ճիւղերու վրայ հաւասարապէս» (Մաղաքիա արք․ Օրմանեան, Ազգապատում, հտ․ Բ, 2287)։ Այսպիսով՝ «Դանիէլի Մարաղայէ գրած կոնդակովը ծրագրուած էր Մայրաթոռոյ կառավարութիւնը, եւ որոշուած էր կաթողիկոսի անձնական իշխանութիւնը խորհրդակցական ձեւի փոխել՝ մնայուն Սինոդի մը կազմութեամբ» (Մաղաքիա արք․ Օրմանեան, Ազգապատում, հտ․ Բ, 2294)։

Ավելի ուշ՝ 1836 թ․՝ «Պոլոժենիե»-ի գործադրմամբ գործող Սինոդը ոչ այլ ինչ էր, եթե ոչ կաթողիկոսի դարավոր կանոնական իրավունքները և իշխանությունը սահմանափակող կառույց։ Նշենք, որ կաթողիկոսներն անհաշտ են եղել այդ իրավիճակի հետ․ օրինակ՝ ըստ ժամանակակիցների՝ Ներսես Աշտարակեցի հայրապետը անտեսել է այդ կանոնադրությունը, իսկ Մատթեոս կաթողիկոսը փորձել վերանայել։ 1917 թ․ «Պոլոժենիե»-ն դադարել է գործադրվել, իսկ մեկ տարի անց Մայր Աթոռի միաբան հայրերը դիմել են Գևորգ Ե կաթողիկոսին և խնդրել են լուծարել նաև «Պոլոժենիե»-ի մաս կազմող Սինոդը, քանի որ այն «․․․․շատ անգամ միջամտել է Հայոց ընդհանրական հայրապետի, նրա փոխանորդ թեմակալ առաջնորդների, Հայոց Եկեղեցւոյ եւ ժողովրդի վերաբերեալ գործերին՝ ցոյց տալով անվստահութիւն ազգի ընտրեալի եւ իւր հօտի ու Եկեղեցւոյ իրաւանց դէմ» (Վավերագրեր․․․․, գիրք Ե, էջ 33)։

Գևորգ Ե կաթողիկոսը, անսալով այս և այլ խնդրանքներին ու համարելով, որ Սինոդն այլևս չունի իրավական և բարոյական նշանակություն, 1924 թ․ ի տեղի Սինոդի հաստատում է Գերագույն հոգևոր խորհուրդ և նշանակում անդամներ․ «Արդ՝ ի նկատի առեալ Մեր զայս ամենայն հանգամանս եւ զպայմանս եւ զպարագայս ժամանակիս եւ Մայր Աթոռոյս, որպէս եւ զանջատումն Եկեղեցւոյ ի պետութենէ ըստ քաղաքական օրինաց Խորհրդային իշխանութեան, որով «Պօլօժենիա» նախկին պետական կանոնադրութիւնն, ուրեմն եւ Սինօդն Հայոց Սբ․ Էջմիածնի, արդէն իսկ կորուսանէ զիրաւական և զբարոյական նշանակութիւն եւ զազդեցութիւն իւր, եւ տեսեալ Մեր, զի չէ մարթ փութով հրաւիրել զԱզգային-եկեղեցական ժողով, որ է լիազօր մարմին եւ ազատ տնօրինող ամենայն գործոց եւ խնդրոց վերաբերելոց բարենորոգութեան Հայաստանեայց Եկեղեցւոյս ըստ կամաց եւ աւանդական կարգաց Եկեղեցւոյ Մերոյ, եւ տեսեալ Մեր, զի Մեք եւս կամք ծանրաբեռնեալ ամօք եւ վշտօք բազմօք եւ զի այլ եւս անհնարին համարիմք թողուլ զայդ ամենայն խնդիրս եւ զգործս յանորոշ վիճակի, առանց սահմանման եւ վախճանական որոշման, ի նկատի առեալ նաեւ զգրութիւնս, ընկալեալս ի Միաբանութենէ եւ զմանրամասն բացատրութիւնս արքեպիսկոպոսաց եւ եպիսկոպոսաց Մայր Աթոռոյս, նոյնպէս եւ զդիմումն առ Մեզ ի թեմակալ առաջնորդաց եւ յականաւոր ազգայնոց ի թեմօրէից Մերոց, ուստի Մեք Ծայրագոյն Պատրիարք եւ Կաթուղիկոս Ամենայն Հայոց եւ Պետ Հայաստանեայց Սբ․ Եկեղեցւոյ, անհրաժեշտ եւ անյետաձգելի վարկաք Հայրապետական կոնդակաւ Մերով հաստատել առ Մեզ ի Մայր Աթոռոջ ժամանակաւորապէս, մինչ զկազմակերպումն ազգային-եկեղեցական ժողովոյ, զԳերագոյն հոգեւոր խորհուրդ ի տեղի Սինօդի» («Էջմիածին», 1984, Ժ, էջ 11-13, 14-15)։

1924 թվականից առ այսօր Գերագույն հոգևոր խորհուրդը, ինչպես տասնամյակներ շարունակ, այսօր ևս հավատարիմ իր բարձր կոչմանն ու դերին, մեծ նվիրվածությամբ իր գործուն մասնակցությունն է բերում ազգային, եկեղեցական բազմազան հարցերի լուծմանն ու Հայոց հայրապետի եկեղեցաշեն և հայրենաշեն ծրագրերի իրագործմանը, իսկ ԳՀԽ անդամները մշտապես եղել են Եկեղեցում և հավատացյալների շրջանում հարգանք վայելող ու վաստակ ունեցող անձեր։

Հ․Գ․Մայր Աթոռի «Եկեղեցական օրացոյց»-ի մեջ հիշատակված, ինչպես նաև դրանից դուրս առկա բազմաթիվ հանձնախմբերը, հանձնաժողովները և խորհուրդները Եկեղեցու ժողովրդավարական և ժողովական կառավարման լավագույն ապացույցն են։ Այս ամենին զուգահեռ՝ Սուրբ Էջմիածնում, ի հարկի, պարբերաբար տեղի են ունենում տարբեր ձևաչափերով ժողովներ՝ եպիսկոպոսական, միաբանական, քահանայական, ԳՀԽ հայաստանյան և ընդլայնված կազմով, Հայաստանի եպիսկոպոսների և առաջնորդների, Վանական խորհրդի և այլն»։

Տեր Արարատ քահանա Պողոսյան

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են «Հարավային գազային միջանցքի» համագործակցության հարցերը «Քնած» ակադեմիան․ կոռուպցիա, հովանավորչություն ու գիտության անկում Ադրբեջանում Իրանը և ԱՄՆ-ն միջուկային խնդրի ու պատժամիջոցների վերաբերյալ նախաձեռնություններ են ներկայացրել Կրոնական ազատությունը երբեք չպետք է ենթարկվի կառավարության միջամտությանը․ Սամվել Կարապետյան «ՔՊ-ականնե՛ր, լափում էիք, բա հիմա ինչի՞ց վախեցաք». Ռուզան Ստեփանյան (video) Հիբրիդային պատերազմից եք խոսում․ ինչո՞վ է զբաղվելու ԵՄ–ից Հայաստան եկող խումբը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am