Իշխող ուժը կորցրել է հանրային դաշտում իր վստահությունը, դա լավ գիտի Նիկոլ Փաշինյանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Հասարակությունն այլևս չի ընդունում Փաշինյանի վարած քաղաքականությունը, իշխող ուժը կորցրել է հանրային դաշտում իր վստահությունը, դա լավ գիտի նաև Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Փորձագետն այս ամենին զուգահեռ նկատում է, որ իշխող ուժն արդեն ամիսներ շարունակ հետևողական աշխատանքներ է իրականացնում, որոնք միտված են այդ ընտրությունների արդյունքները կեղծելուն, կամ ստեղծում են այնպիսի պայմաններ, որ ընդդիմությունը հնարավորություն չունենա որևէ հաջողություն արձանագրելու:
«Այս իշխանություններն ընտրություն կեղծելու հնարավորություն ունեն, նրանք նաև հնարավորություն ունեն պարզապես հայտարարելու ընտրություններում իրենց համար հարմար արդյունքներ:
Վստահեցնում եմ՝ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը դա հայտարարի, կես ժամ անց նա ստանալու է շնորհավորական ուղերձներ ԱՄՆ-ից, Եվրոպական երկրներից: Ինքը գիտի, որ ունի իրեն ցանկալի արդյունքներ արձանագրելու հնարավորություն: Վստահ եմ՝ ինքը դա անելու է» ,- ասաց նա:
Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ Հայաստանում սպասելի է մոլդովական սցենարի իրականացումը: Ըստ նրա՝ սպասելի է նաև ռումինական սցենարը, ընդհուպ ընտրությունների չեղարկում:
«Հիբրիդային պատերազմի մթնոլորտ են ձևավորել: Պատկեր են ձևավորել, իբրև, մենք ապրում ենք պատերազմական իրավիճակում, հիբրիդային պատերազմ է և կարող են դրանից բխող ինչ-որ քայլեր անել, կարող է նաև ուկրաինական մոդելն ունենանք» ,-նշեց նա:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ եթե խոսքը գնա իրական ժողովրդավարական ընտրությունների մասին, իշխանությունը հասկանում է, որ պարտությունը միանշանական ապահովագրված է լինելու: Նրա համոզմամբ՝ Փաշինյանը թույլ չի տա, որ բանը հասնի նրան, որ խորհրդարանում ընդդիմությունը կարողանա միավորվել և հարցեր լուծել:
