Հարսիդ շորը կրկին բռնկվել է…
Տարիներ առաջ մի հարսանիքի էի մասնակցում, որտեղ ընդհանուր ուրախության, ջերմության ու աղմուկի մեջ նկատեցի, որ լուսային ճառագայթումներից հարսի շորը բռնկվել ու այրվելով բարձրանում է։ Սկզբում՝ մի բարակ շիկացած գիծ, հետո՝ փոքրիկ լեզվակ, հետո՝ կրակի շնչառություն։
Ընդհանուր իրավիճակի մեջ ոչ ոք չէր նկատում․ շուրջ բոլորը լույս էր, ուրախություն, կրակ։ Բոլորը պարում էին կրակի շուրջը՝ կարծելով, թե դա տոնական հրավառություն է։ Ես չեմ պատմի, թե որքան դժվար էր փեսային հասնելը, նրա ուսին ձեռք դնելը, աչքերի մեջ նայելը ու ասելը՝ տղա՛, հարսիդ շորը վառվում է։ Իրականություն վերադարձնել մարդուն, երբ նա արդեն կորցրել է իրեն երաժշտության մեջ, գրեթե անհնար է։ Հարսի տատը կողքիս նստած էր։ Նրա աչքերը ամեն ինչ տեսել էին։ Նա կամաց ասաց․ -Սա՞ պիտի կնիկ պահի, ընտանիք պահի… Մեծի խոսք էր ու իմաստուն․ Մի ամիս էլ չանցավ՝ հարսանիքից լուսանկարները մնացին։ Այսօր Հայաստանում նույն հարսանիքն է։ Միայն սրահն է փոխվել։ Փեսան «գլուխը կորցրել է»։
Եվրոպայից Ամերիկա, Ամերիկայից Թուրքիա, Թուրքիայից Ռուսաստան… պտտվում է աշխարհաքաղաքական պարահրապարակում, զուռնա-դհոլի տակ խելահեղ շարժվում, կենացներ խմում «իրական խաղաղության», «իրական երջանկության» անունով։ Խոսքերը մեծ են, երաժշտությունը բարձր, լույսերը կուրացնող։ Շուրջը մարդիկ պարում են, ոմանք՝ վախից, ոմանք՝ հույսից, ոմանք՝ պարզապես չտեսնելու համար։ Իսկ երբ ինչ-որ մեկը գոռում է՝ հարսիդ շորը վառվում է, նա պատասխանում է․ -Նախանձողներն են խուճապի մեջ։ Կրակը, սակայն, նախանձ չի ճանաչում։ Այն պարզապես այրում է։ Հարսի շորի բռնկման հոտը ես դեռ Շուշիից էի զգացել։
Երբ պարահրապարակում ծափ էին տալիս, իսկ այնտեղ՝ բարձունքում, հարսանեկան քողը քամուց չէր բարձրանում, այլ կրակից էր թեթևանում։ Ո՞ւր է Շուշիի հարսանեկան քողը։ Ո՞ւր է Շուշին։ Այսօր նույն հարսանիքն է Հայաստանում։ Նույն երաժշտությունը։ Նույն խելահեղ պարը։ Նույն կուրացնող լույսերը։ Կա՞ մեկը, որ կհասցնի փեսային, կբռնի ուսից, կասի՝ կանգ առ մի պահ։ Տես՝ ովքեր են աքցանի մեջ առել քեզ, երկիրդ։ Նայիր շուրջդ։ Հարսիդ շորը կրկին բռնկվել է…
Հասմիկ Բաբաջանյան
«Հրապարակ օրաթերթ»
