Հայրումյանն ահազանգում է առողջ ծառի հատման մասին, Բեգոյանն արձագանքում է. «Ո՞վ է Հայրումյանը, որ որոշի՝ ծառը կենսունակ է, թե՝ ոչ»
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ նշելով, թե Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը շարունակում է համատարած ծառասպանդը։ Նա տեղադրել է Ալեք Մանուկյան 7 հասցեում գտնվող ծառի լուսանկարը, կից գրելով, թե լիովին առողջ, կանաչ ու փարթամ ծառը հատել են։
Պարզաբանում ստանալու համար Aysor.am-ը զրուցեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ, տեղեկանալու, թե ինչո՞ւ են հատվել ծառեը, կենսունա՞կ են դրանք, թե՞ ոչ։
«Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ծառը հատվել է մեր կողմից»,-ասաց Բեգոյանը, ապա ավելացրեց. «Հայումյանն ո՞վ է, որ փորձում է բնութագիր տալ ծառի կենսունակ լինելու կամ չլինելու մասին։ Իր ո՞ր գիտելիքների հիման վրա է այդ տղան նման եզրակացություն տալիս, և լրատվականներն էլ, իհարկե, դա ընդունում են որպես հիմք և տիրաժավորում։
Հայրումյանն իր ո՞ր գիտելիքների հիման վրա է արտահայտություն անում, թե կենսունակ ծառ է հատվել։ Ասենք, եթե Տնտեսագիտական համալսարանի, չգիտեմ, օրինակ, «հաշվապահական հաշվառում» ավարտածը պիտի որոշի ծառը կենսունակ է, թե՝ չէ, ուրեմն ողբալի է մեր վիճակը։ Հայրումյանը ոչ մեկն է կանաչապատման ոլորտում։ Հետևաբար, նրա որևիցե մեկնաբանության՝ ծառը կենսունակ է, թե կենսունակ չի, կոչ եմ անում ուշադրություն չդարձնել։
Նա, հաշվի առնելով մարդկանց մեծ ուշադրությունը դեպի բնությունը, մարդկանց ենթարկում է սթրեսի, շատ դեպքերում չնկարելով էդ նույն ծառերն այնպես, ինչպես որ կան»։
