Եթե «Ականավոր հրշեջի» կոչում լիներ, ես դա կշնորհեի Նիկոլ Փաշինյանին
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.
Եթե «Ականավոր հրշեջի» կոչում լիներ, ես դա կշնորհեի Նիկոլ Փաշինյանին: Չէ որ նա միայն մի բանով է զբաղված` այստեղ-այնտեղ ծագող հրդեհները մարելով, քանի որ պետական կառավարման ճգնաժամի ու այս համատարած քաոսի պայմաններում, երբ ընտրություններին բան չի մնացել, ստիպված է անընդհատ մանր ու մեծ հրդեհներ մարել, որ մի կերպ ջրի երեսին մնա: Իհարկե, այդ «հրդեհները» հենց ինքն էլ սարքել է` իր փնթի կառավարման, ոչ պրոֆեսիոնալիզմի, ապաշնորհության, վախերի, ագահության, օտար ուժերի կամակատարը լինելու պատճառով...
Ահա. Կրիմինալ վիճակը երկրում սրվել է, ամեն օր մարդ են սպանում, կրակում, ծեծում` նա հանրային դժգոհությունը մարելու համար ոստիկանապետի 3 տեղակալ է մի հարվածով ազատում: Ոչինչ, որ կադրային լուրջ դեֆիցիտ կա եւ ոլորտային մասնագետների պակաս: Մի քանի օր այդ կադրային տեղաշարժերը կզբաղեցնեն մարդկանց, մի քանի շաբաթ էլ հույս կներշնչեն, որ իրավիճակը կկարգավորվի: Էլի բան ա...
Պետական ապարատի վերնախավին միլիոններով պարգևավճար է տալիս, որ իր «տակից չփախնեն», մեկ էլ հանրային այնպիսի աղմուկ է բարձրանում, որ տատիկ- պապիկների դժգոհությունը մարելու համար` ոտի վրա որոշում է 5-10 հազար դրամով բարձրացնել կենսաթոշակները, հերթական անգամ օրենքը խախտելով: Ի վերջո, երկրի բյուջեն օրենք է եւ եթե այդ օրենքում 2025-ի դեկտեմբերին չես նախատեսել նման քայլ ու ֆինանսական միջոցներ, ու ապրիլից նման բանի ես գնում, ուրեմն ծայր անհրաժեշտություն կա եւ հերթական «հրդեհն» ես մարում:
Վեոլիան հայտարարում է, որ ջրի մատակարարումը դարձնում է 17 ժամյա, հիմա էլ այս դժգոհության հրդեհն է ստիպված մարել` Խուդաթյանով, Ավինյանով, Ջրային կոմիտեի նախագահով սկսում են հայտարարել, որ որոշումը հետ են պտտել` գրաֆիկ չի լինելու: Իրականում՝ գրաֆիկ լինելու է, բայց մի քիչ ավելի մեղմ։
Զուգահեռ նախկինների եւ Մարտի 1-ի խաղաքարտն է խաղարկում` մեկ էլ տեսար մի քանի մոլորված ձայն էլ սրա շնորհիվ հնարավոր լինի քերել եւ մեղադրանք է առաջադրում իր նախկին նախարար Վալերի Օսիպյանին, նախկին ոստիկան Ռոբերտ Մելքոնյանին, անգամ հիշում` կալանավորում են Հովհաննես Թամամյանին, ով նախկինների ժամանակ դատապարտվել է 4 տարի ազատազրկման, մոտ 2 տարի նստել, դուրս եկել:
Էլ ի՞նչ հնարքներ ունի պահած «հրշեջը»` ընտրություններին ընդառաջ: Պարզ է, որ նա իր կյանքից առավել պաշտոնն է սիրում: Կրակի է մատնել ամեն ինչ ու արդեն չի էլ հասցնում մարել տարածվող հրդեհը, որի ճիրաններում վաղը բոլորս ենք այրվելու, եթե այս «հրշեջին» մոտ ժամանակներս չհեռացնենք վարչապետի աթոռից...
