Թեհրանը պատրաստ է շարունակել միջուկային հարցով բանակցությունները ԱՄՆ-ի հետ. Իսմայիլ Բաղայի
Իրանը պատրաստ է շարունակել ԱՄՆ-ի հետ միջուկային հարցով բանակցությունները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Ժնևում Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունները, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
«Մեր պատվիրակությունը, ինչպես և նախկինում, եկել է լիակատար պատրաստակամությամբ: Մենք ցուցադրել ենք մեր լուրջ մոտեցումը ողջ այս գործընթացի ընթացքում: Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները այնքան ժամանակ, որքան պահանջվի»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Իրանի պետական հեռուստատեսության եթերում:
Բաղային ընդգծել է, որ բանակցությունները կենտրոնացած են միջուկային թեմատիկայի, Իրանի կողմից խաղաղ ատոմի օգտագործման և պատժամիջոցների չեղարկման վրա. երկխոսությանը մասնակցող կողմերը կքննարկեն մանրամասները: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի կողմից հնչող հակասական հայտարարությունները չեն օգնում բանակցային գործընթացին:
Դիվանագետը նաև չի բացառել, որ բանակցություններին կարող է միանալ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:
«Հնարավոր է, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը նույնպես միանա այս բանակցություններին, ինչպես նախկինում»,- հավելել է Բաղային:
Հիշեցնենք, որ Իրանը և ԱՄՆ-ը իրանական միջուկային հարցով բանակցությունների երկու փուլ են անցկացրել: Իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը: Այժմ կողմերն աշխատում են հնարավոր համաձայնության վերաբերյալ առաջարկների շուրջ:
